Սահմանամերձ Ոսկեպարում բոլորն են միմյանց տալիս այս հարցերն ու պատասխան չեն գտնում։
«Էս ռուսը որ էկել ա... մենք էլ ենք լսել, որ էկել են։ Բայց ո՞ւր են էկել, ո՞վ ա բերել, ո՞վ ա ուղարկել...»
Երեկ լրատվամիջոցների հրապարակումներից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդագրություն տարածել, թե Ոսկեպար համայնքի տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել, ու «շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով»։
Ռազմական գերատեսչությունն իր սուղ տեղեկատվության մեջ մանրամասներ չէր հայտնել, թե ինչու է այսպիսի որոշում կայացվել, բայց նշել էր, որ տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։
Ռուսական ուղեկալի սահմանապահները մեզ հորդորեցին ռազմական օբյեկտից հեռանալ, նկարահանումներ չանել։
Այսօր մեր այցելության պահին Նոյեմբերյանի համայնքապետն ու Ոսկեպարի վարչական ղեկավարը գյուղի կենտրոնում թեժ զրույցի էին բռնվել գյուղացիների հետ։ Բնակիչների հարցերը նրանց կողմից էլ անպատասխան մնացին։ Խոշորացված Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը մեզ էլ հրաժարվեց որևէ բան ասել՝ հորդորելով. - «Դա գնացեք Պաշտպանության նախարարությանը հարցրեք»։
Աբգար Սիմոնյանն ու Վանիկ Ավալյանը հարևան Կիրանց գյուղից են։ Երկուսն էլ 66 տարեկան, նախկին համադասարանցիներ։ Քանի դեռ պաշտոնական աղբյուրները լուռ են, ասելիքը՝ սուղ, գյուղացիներն իրենցից մի քանի քայլ հեռու տեղի ունեցող իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանում, մեկը թե՝ ռուսը մեր բարեկամն է, մյուսը պատմության դասերն ու 90-ականներին աչքի տեսածն է առաջ քաշում՝ ռուսը լավ մտքով սահման չէր գա։
Ոսկեպարի դպրոցը 90-ականներից 15 տարի ղեկավարած Ժորա Սեփխանյանը մտահոգ է՝ իսկ եթե սահմանագծումն իրենց օգտին չլինի՞։
90-ականների ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ոսկեպարի հարակից տարածքները, որ այսօր Վերին ու ներքին Ոսկեպար են կոչվում, հայկական կողմին են անցել։ Տարեց մանկավարժն ասում է, որ դրանք ադրբեջանական էին, փոխանակվել են հայկական գյուղերի հետ ու շեշտում, որ հակառակորդին վերադարձնելու դեպքում անվտանգության լուրջ խնդիրներ կունենան. - «Եթե սահմանազատեն, նրանց հանձնեն էդ հողերը, որ պապական մերն ա եղել, ժողովուրդը չի ընդունելու։ Անհանգստությունը շարունակվելու է, երիտասարդությունը տեղափոխվելու է... Ութսուն տարեկան մարդ եմ, ես գիտեմ, էս գյուղը հանձնող անձնավորությունը դավաճան ա դուրս գալու հայերի համար։ Հետո ճանապարհը կբացվի դեպի Կիրովական...»։
Գյուղի խանութներում ասացին՝ ռուս զինվորականներ դեռ իրենցից գնումներ չեն արել։ Երեկ են միայն տեղավորվել, դեռ կգան։