Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր ուժեր է տեղակայում հայ - ադրբեջանական սահմանին, կարևորում է շուտափույթ սահմանազատումը


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզում, 3-ը հունիսի, 2021թ.
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզում, 3-ը հունիսի, 2021թ.

Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը երեկ ճեպազրույցում միանշանակ պատասխան չի տվել հայ լրագրողի հարցին՝ արդյոք Բաքվի համաձայնությունն անհրաժե՞շտ է հայ - ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ռուս սահմանապահների տեղակայելու համար:

Բիկանտովը նախ ասել է, թե սահմանի երկայնքով շարժական սահմանային անցակետերի տեղակայման հարցը վերաբերում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության իրավասությանը, հետո էլ հավելել. - «Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է: Կարծում ենք, որ սահմանի կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման (դելիմիտացիա) աշխատանքների անհետաձգելի գործարկումը՝ դրա հետագա սահմանագծմամբ (դեմարկացիա): Ռուսաստանը կողմ է այդ գործընթացի շուտափույթ մեկնարկին»:

Ադրբեջանամետ հոդվածներ հաճախ հրապարակող Lenta.ru-ն երեկ այս առիթով «Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Մոսկվան իրավասու չէ առանց Բաքվի համաձայնության հայ – ադրբեջանական սահմանին սահմանապահներ տեղակայել» բովանդակությամբ հրապարակում է արել:

Սրա հետ մեկտեղ՝ ռուսական բոլոր լրատվամիջոցները երեկ, հղում անելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնել են, որ ռուս սահմանապահները տեղակայվել են Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում:

Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում հաճախ է հայտարարում, թե անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը: Երեկ, մասնավորապես, Բիկանտովը հայտարարել է, որ Մոսկվան լրջորեն մտահոգված է հայ – ադրբեջանական սահմանին վերջին շրջանում հաճախացած միջադեպերի կապակցությամբ և պատրաստ է ակտիվորեն նպաստել իրադրության կայունացմանը, այդ թվում՝ օժանդակելով հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկին:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հավաստիացնում է՝ սահմանազատումը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումը և միջհամայնքային երկխոսության խթանումը կնպաստեն, որ Անդրկովկասը դառնա անվտանգության, կայունության և բարգավաճման գոտի:

XS
SM
MD
LG