Մատչելիության հղումներ

Լրագրողները միշտ ազատ տեղաշարժվել են խորհրդարանում. Թագուհի Թովմասյան


Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյան («Պատիվ ունեմ»)
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյան («Պատիվ ունեմ»)

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգում է՝ նոր խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Պատգամավորը իրեն հասած տեղեկությունները ճշտելու համար հարցում է ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմ։

«Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ։ Ինչո՞ւ պիտի լրագրողը նստի և միայն մոնիտորով հետևի Ազգային ժողովի նիստերին, այսինքն՝ հնարավորություն չի ունենալու դահլիճում նկարահանում անել, որովհետև ինձ ասացին, որ լրագրողների օթյակը նույնիսկ չեն ուզում, որ գործի։ Լրագրողները չեն կարողանալու ազատ մոտենալ որևէ պատգամավորի որևէ հարց տալ։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, եթե մենք ապրում ենք խորհրդարանական երկրում, խորհրդարանական երկրի պատգամավորը ժողովրդի կողմից ընտրված ինչո՞ւ է խուսափում լինել թափանցիկ, հաշվետվողական... ինչի՞ց են վախենում, լրագրողները ի՞նչ հարց են տալիս, որ իրենց համար այդքան անցանկալի է, ու հիմա իրենք խնդիր են դրել լրագրողներին չեզոքացնել», - տարակուսում է Թովմասյանը։ «Ազատությունը» Ազգային ժողովի աշխատակազմից փորձեց տեղեկանալ՝ արդյո՞ք կայացվել է նման որոշում, կամ քննարկումներ կա՞ն։ Հորդորեցին՝ գրավոր հարցում ուղարկել։

Իշխանական խմբակցությունը պատերազմից հետո լքած ու ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ին միացած Թովմասյանի կարծիքով, լրագրողների նկատմամբ տարբերակված վերաբերմունք է գործում, բոլոր հնարավոր ճանապարհներով փորձ է արվում խոչընդոտել նրանց աշխատանքը։

Թովմասյանը, ով նաև խորհրդարանի երկարամյա լրագրողներից է եղել, ասում է՝ լրագրողները միշտ ազատ տեղաշարժվել են, հարցեր են ուղղել պատգամավորներին։

Նա ընդգծում է՝ նախկին իշխանություններն էլ են փորձեր արել խորհրդարանում սահմանափակել լրագրողների աշխատանքը, բայց նման ռիսկի չեն գնացել. - «Հաշվի առնելով, որ լրագրողները այնուամենայնիվ անհրաժեշտություն են խորհրդարանում թափանցիկության, հաշվետվողականության իմաստով։ Ինչքան էլ որ ցանկությունը եղել է, այդ ցանկությունը չի դրսևորվել որպես գործողություն։ Եվ միայն ժողովրդավարական իշխանությունը եկավ, ժողովրդավարական բաստիոն իրեն հռչակեց և հիմա հերթով կոտրում է ժողովրդավարության բոլոր այն թերթիկները, որոնք մենք կամաց-կամաց հավաքել էինք տարիներ շարունակ։ Ես այսպիսի բան չեմ հիշում, ես խորհրդարանի գործունեությունը լուսաբանող երկարամյա լրագրող եմ եղել և երբեք չեմ տեսել այսպիսի վերաբերմունք լրագրողների նկատմամբ»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին՝ գրել է. «ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է, և հուսով եմ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով»։

Ալեքսանյանը իր գրառումն ուղղելով Թագուհի Թովմասյանին՝ հարցրել է. - «Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ ուղղակի թքած ունենալով էթիկայի բոլոր նորմերի վրա, հետապնդում են պատգամավորներին, առանց թակելու բացում պատգամավորների դռները, պատգամավորների խնդրանքից հետո հրաժարվում փակել դրանք, խանգարում պատգամավորների աշխատանքին, ամբողջ շենքում խաթարում աշխատանքային մթնոլորտը, միայն թե կարողանան մի սենսացիոն հարց հնչեցնել ու անգամ չսպասել դրա պատասխանին»։

«Պատգամավոր կա, որ լրագրողի ձեռքից խլում է հեռախոսը, էնտեղ ինչ-որ տվյալներ է ջնջում, խմբագրում, նոր պահանջից հետո վերադարձնում։ Ուրեմն ի՞նչ անենք էս պատգամավորի հետ, արգելե՞նք բոլոր պատգամավորների մուտքը Ազգային ժողով», - արձագանքեց Թովմասյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ բազմաթիվ օրինակներ է հիշում, երբ պատգամավորները անընդունելի վարքագիծ են դրսևորում լրագրողների նկատմամբ։ Ասում է՝ նախաձեռնվում է որոշում ընդունել, որը լրագրողների գործունեությանն է վերաբերում, բայց որը չի քննարկվում լրագրողական համայնքի հետ։

Նա անընդունելի է համարում, երբ փակ դռների հետևում քննարկվում է լրագրողների աշխատանքը. - «Սա արդեն անընդունելի է և որևէ կապ չունի մասնակցային ժողովրդավարության հետ։ Լրագրողների մուտքը Ազգային ժողով կարող է բացառապես սահմանափակվել, ըստ միջազգային կանոնների, երկու նպատակով։ Առաջինը դա ֆիզիկական մատչելիության հնարավորություններն են. օրինակ, դահլիճը թույլ չի տալիս, որ իքս թվով լրագրողներ տեղավորվեն այնտեղ։ Երկրորդ նպատակը դա անվտանգության նպատակն է. եթե լրագրողների մուտքը տվյալ ժամանակաշրջանում կարող է անվտանգության սպառնալիք լինել»։
Տվյալ դեպքում օրակարգում չկա այս կետերից և որևէ մեկը, ընդգծում է Դոյդոյանը. - «Մենք շատ լավ հասկանում ենք՝ լրագրողական համայնքը, որ Ազգային ժողովի նոր ղեկավարությունը կամ ղեկավարը ցանկանում է ամեն գնով ապահովագրել իրեն կամ իրենց անցանկալի հարցերից։ Որպեսզի որևէ լրագրող հնարավորություն չունենա պարզապես իրենց չպլանավորված, օրակարգից դուրս, որևէ անցանկալի, իրենց համար տհաճ հարցադրումներ անել և պատասխաններ պահանջել։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, նման որոշումներ ընդունելիս նախ պետք է, օրինակ, խորհրդարանի փորձառու լրագրողների հետ խորհրդակցվեր, թե ինչպիսի կարգավորումներ են հարկավոր։

Նավասարդյանն ընդգծում է՝ լրագրողների և պատգամավորների շփումը չպետք է կտրվի. - «Ես կարծում եմ, որ շփումից խուսափելու համար են շատերը պաշտապանում ու առաջ տանում այս գաղափարը, որովհետև շատ դեպքերում ասելիք չունեն, շատ դեպքում իրենք էլ չեն պատկերացնում ինչ են անում խորհրդարանում։ Ցավոք, դա է որակը այսօրվա խորհրդարանի։ Եվ որպեսզի անդուր հարցերին չպատասխանեն կամ ցույց չտան իրենց շփումների միջոցով, որ իրազեկ չեն, անտեղյակ են, կոմպետենտ չեն։ Նաև դա նպատակներից մեկն է, թե ինչու այդ նախաձեռնությունը ծագեց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG