Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի սահմանին իրավիճակը կայուն է, մարտական գործողություններ չկան` հրադադար է․ մարզպետ


Գեղարքունիքի սահմանին իրավիճակը կայուն է, մարտական գործողություններ չկան, հրադադարի պայմանավորվածությունը պահպանվում է, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետը: Նա քիչ առաջ է վերադարձել Վերին Շորժայի հատվածից:

«Հրադադարը 10:40-ից, այո, հայտարարվել է և պահպանվում է, նաև այս ընթացքում հասցրեցի մի քանի բնակավայրերում լինել: Ընդհանուր առմամբ նորմալ է, նաև մեր զինվորների հետ որոշակի զրուցեցինք, նորմալ է: Պահպանվում է, և շարունակվում է որոշակի պրոցես ընթանալ», - փոխանցեց Գնել Սանոսյանը:

«Ազատության» հարցին, թե կա՞ տեղեկություն ռուսական զորքի տեղակայման մասին, նա արձագանքեց. «Այս պահին նման պրոցես չկա: Հիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, մինչ այս ինչպես կար, չնայած հակառակորդը բազմաթիվ փորձեր է արել գիշերվանից սկսած, բայց դիրքային փոփոխություն չկա, և ինչպես կանգնած էինք մերոնք և ադրբեջանական զինված ուժերը, կանգնած են»:

Գիշերը 3:40-ի սահմանում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել նախ Վերին Շորժայի դիրքերից մեկի ուղղությամբ, ապա Սոթքի հատվածում: 10:40-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց կողմերի միջև։ Հայկական կողմը 3 զոհ ունի՝ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը և շարքային զինծառայողներ Դավիթ Քոչարյանն ու Կորյուն Հարությունյանը։ Նրանք Վերին Շորժայի նույն դիրքում են եղել:

«Գրոհ է եղել մեկ դիրքի ուղղությամբ, որտեղ սկսվել է փոխհրաձգություն և մարտեր, հետագայում նաև ամբողջ բնագծով սկսվել է փոխհրաձգություն», - մանրամասնում է մարզպետը:

Հայկական կողմը, ըստ Պաշտպանության նախարարության, չորս վիրավոր ունի, իսկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ»: Վիրավորներից մեկի` Վաչագան Մարտիրոսյանի վիճակն է ծայրահեղ ծանր: Նա ազդրի, դեմքի, պարանոցի վնասվածքներ ունի. «Չորսն էլ տեղափոխվել են մայրաքաղաք, երեքի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ վիրավոր ունենք, ով ծայրահեղ ծանր վիճակում է, բայց կարծես որոշակի կայունացրեցին այստեղ մեր բժիշկները և տեղափոխեցին Երևան»:

Վիրավորներից մեկը Պաշտպանության նախարարության Զինուժի նկարահանող թիմին պատմել է. «Կարաուլ էինք կանգնած, մառախուղ էր, մութ էր, իրենց բլինտաժը մեզնից 10 մետր էր ներքև, իրենց կառաուլը մեզ նայում էր, որ չգնանք հանկարծ այն կողմ: Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացա` ինչ կատարվեց: Կրակել եմ, բայց շատ չեմ հասցրել, որովհետև ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել, անընդհատ ընկնում էի»:

Մարտերը հիմնականում Վերին Շորժայի հատվածում են եղել, հենց հայկական տարածքում: Մայիսի 12-ից էր ադրբեջանական զինուժը ներխուժել Հայաստանի տարածք։ Այս անգամ ըստ պաշտպանական գերատեսչության՝ հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

«Ազատության» նկարահանող խումբն առավոտից Գեղարքունիքի մարզում է եղել, սակայն Վերին Շորժայի տարածք ու հարևանությամբ գտնվող Այրք գյուղ հասնել հնարավոր չեղավ, ճանապարհը խիստ հսկողության տակ էր, ելումուտը՝ լրագրողների համար փակ:

Մարզպետ Սանոսյանը տեղեկացրեց՝ բնակիչների տարհանում չի եղել որևէ վայրում, նաև Կութում, Սոթքում. «Դեռ նման խնդիր չկա: Մենք գործընկերների հետ աշխատում ենք, իրավիճակից ելնելով կհասկանանք` անհրաժեշտություն կլինի, թե չէ: Նման խնդիր չկա, խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստություն կա բոլորիս մոտ, այդ թվում` մեր բնակիչների»:

Սոթքի հանքավայրի աշխատակիցներն են գիշերը տարհանվել` շուրջ 150 հոգի, անվտանգության նկատառումներով, տեղեկացրեց հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

Գիշերային կրակոցներ նաև Սոթքի սահմանին են եղել: Սոթքի բնակչուհի Շուշանիկ Այվազյանն ասում է՝ միայն ձայներն են լսել. «Դրությունը լավ չի, նորմալ չի, կրակոցներ կան»:

Մարզի բոլոր համայնքներում են այժմ անհանգիստ հետևում սահմանային սրացմանը. «Մենակ կրակոցի ձայներ ենք լսել, բայց արդեն անհանգիստ ենք, փոքր երեխեք ունենք, անընդհատ վախի մեջ ենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG