Մատչելիության հղումներ

Բնագծի փոփոխություն չկա, հիմա հրադադար է, կրակոցներ չկան, անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է՝ ծայրահեղ ծանր վիճակում․ մարզպետ


10։40-ից հաստատվել է հրադադար, հիմա իրավիճակը կայուն է, որևէ կողմից կրակոցներ չկան, «Ազատության»-ը փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Համատեղ աշխատանքի արդյունքում, նաև ռուսական կողմի գործընկերների միջամտությամբ, 10։40-ից հաստատվել է հրադադար, հիմա կայուն է, որևէ կողմից կրակոցներ չկան։ Ամեն ինչ սկսվել է գիշերը 3։40-ից, փորձել են ներխուժել մեր դիրքերից մեկը, որտեղ էլ մենք զոհեր ունեցանք։ Մեր տղաներն այնտեղ պայքարել են, կռիվ են տվել, որի արդյունքում երեք զոհ ունենք այդ հատվածում», - ասաց մարզպետը։

Այսօր ավելի վաղ Սանոսյանը հայտնել էր մեկ անհայտ կորածի մասին։ Մարզպետը փոխանցեց, որ անհայտ կորած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է, նա վիրավոր է, վիճակը ծայրահեղ ծանր է։ «Մեկը համարվում էր անհայտ կորած, հետագայում հայտնաբերվեց վիրավոր վիճակում, վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները նրա կյանքի համար պայքարում են։ Տարբեր այլ վայրերում ունենք ևս 3 վիրավոր, որոնց վիճակը բավարար է», - ասաց Սանոսյանը։

Մարզպետը մանրամասնեց՝ հարձակումը սկզբում եղել է Վերին Շորժայի հատվածում, զոհեր հենց այդ հատվածում են եղել, իսկ հետագայում Սոթքից դեպի Վերին Շորժա եղել է փոխհրաձգություն։

Հարցին, թե Կութ, Ազատ, Նորաբակ հատվածում ի՞նչ վիճակ էր, Սանոսյանը պատասխանեց, որ համեմատաբար հանգիստ էր։

«Մեր զինված ուժերը պաշտպանում են մեր համայնքները, մեր բնակչությանը, մեր երկրի սահմանները, նրանց բոլոր գործողությունները հետ են մղվել, բնագծում փոփոխություն չկա ու հիմա հրադադար է», - ասաց Գեղարքունիքի մարզպետը։

Մարտական գործողությունները հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում սկսվել են գիշերը և շարունակվել այսօր առավոտյան: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով երեք զոհի և երեք վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

XS
SM
MD
LG