Մատչելիության հղումներ

ԱՄՆ Վրաստանին և Տաջիկստանին անվճար Pfizer ու Moderna պատվաստանյութ է տրամադրել՝ ընդհանուր առմամբ երկու միլիոն դեղաչափ


Վրաստանի բնակիչները կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկանում են հիմնականում, սակայն, ամերիկյան Pfizer պատվաստանյութով։ Դա պարզ դարձավ, երբ ընդամենը մեկ օրում Վրաստանի առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգում Pfizer-ով պատվաստվելու համար գրանցվեց ավելի քան 160 հազար մարդ։

Pfizer-ը մեր հյուսիսային հարևաններին հասանելի դարձավ անցած շաբաթավերջին, երբ Թբիլիսի ժամանեց պատվաստանյութի՝ Միացյալ Նահանգների կառավարությունը կողմից Վրաստանին նվիրաբերված խմբաքանակը՝ կես միլիոն դեղաչափ։

«Այսօր մեկնարկում են Pfizer պատվաստանյութով իրականացվող պատվաստումները։ Այդ պատվաստանյութի կես միլիոն դեղաչափն արդեն իսկ Վրաստանում է, և մեր այդ նվիրաբերությունը հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների կառավարության և անձամբ նախագահ Բայդենի շնորհիվ», - երկուշաբթի օրը կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Մինչև Pfizer-ի ներկրումը Վրաստանում կիրառվում էին հիմնականում չինական արտադրության Sinopharm և Sinovac, ինչպես նաև շվեդա-բրիտանական AstraZeneka պատվաստանյութերը։ Վրաստանի բնակչության շրջանում, սակայն, վերոհիշյալ դեղամիջոցներով պատվաստվելու հարցում մեծ էնտուզիազմ չէր նկատվում։

Մարտի 15-ից մինչ օրս վերոհիշյալ վակցինաներով պատվաստվել է Վրաստանի բնակչության մոտ 11 տոկոսը՝ շուրջ 400 հազար մարդ։ Pfizer-ի խոշոր խմբաքանակի ներկրմամբ, սակայն, Վրաստանի իշխանությունները հույս ունեն արմատապես փոխել իրադրությունը՝ խուսափելով նոր սահմանափակումներից։

Իրակլի Ղարիբաշվիլին հակահամաճարակային կանոնների խստացումն, ի դեպ, բացառում է՝ պնդելով, որ երկրի տնտեսությունն արդեն իսկ կորոնավիրուսի պատճառով մեծ կորուստներ է կրել։

«Այժմ կրկին սկսել են խոսել լոքդաունների, հնարավոր սահմանափակումների մասին։ Ես, սակայն, կարող եմ ասել, որ մենք ընտրել ենք ոչ թե լոքդաունների, այլ համաճարակի արդյունավետ կառավարման ճանապարհը։ Մեր երկիրը նոր սահմանափակումների այլևս չի դիմանա։ Ոչ լոքդաունը, ոչ էլ տարատեսակ սահմանափակումներն արդարացված չեն լինի, առավել ևս, որ դրանք մեծ վնաս կհասցնեն երկրի տնտեսությանը», - հայտարարում էր Ղարիբաշվիլին՝ մանրամասնելով, թե նոր լոքդաունի դեպքում կառավարությունը պարզապես ստիպված է լինելու մի քանի միլիարդ դոլարի նոր պարտք վերցնել։

Այժմ, ըստ Ղարիբաշվիլիի, իրավիճակն այլ է։

«Հակահամաճարակային սահմանափակումների վերացումից հետո՝ այս տարվա առաջին կիսամյակում, Վրաստանում 12 տոկոսի տնտեսական աճ է արձանագրվել։ «Դա հնարավորություն է տվել կառավարությանը խուսափել անգամ մեկ լարի, մեկ թեթրի փոխառելուց», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Նոր լոքդաունի մասին խոսակցությունները, ի դեպ, Վրաստանում պատահական չեն շրջանառվում։ Բանն այն է, որ պատվաստման և քովիդով հիվանդացության վիճակագրությունը աճում է գրեթե զուգահեռաբար։ Եթե երկրի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ առաջիկայում պատվաստումների թիվը կավելացվի՝ հասցվելով օրական 7-8 հազարի, ապա գրեթե նույն տեմպերով է աճում նաև վարակվածների ցուցանիշը։ Այսպես, նախօրեին Վրաստանի տարածքում Covid 19-ի 1264 դեպք էր արձանագրվել, մահացել էր 26 մարդ։ Այսօր արդեն վարակվածների թիվը հասել է 3600-ի, մահացել է ևս 17 հոգի։

Նման իրավիճակում, երկրի կառավարությունը խոստովանում է՝ միակ հույսը զանգվածային պատվաստումն է և այսպես կոչված կոլեկտիվ իմունիտետի շուտափույթ ձեռքբերումը, ինչին, ըստ երկրի իշխանությունների, մեծապես կնպաստի հատկապես ԱՄՆ-ից ստացված Pfizer-ի կեսմիլիոնանոց խմբաքանակը։

Վրաստանը միակ հետխորհրդային պետությունը չէ, որ Միացյալ Նահանգներից անվճար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստանում։ Նախօրեին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե առաքվեց ամերիկյան արտադրության մեկ այլ պատվաստանյութի՝ Moderna-ի մեկուկես միլիոն դեղաչափ։ Երկու օրից Moderna-ի ևս 3 միլիոն դեղաչափ կստանա Կենտրոնական Ասիայի մեկ այլ պետություն՝ Ուզբեկստանը։ Այդ մի առաքումը ևս նախաձեռնել է պաշտոնական Վաշինգտոնը՝ COVAX ծրագրի շրջանակներում։

Հետխորհրդային տարածքում պատվաստումների հարցում ամենաարմատական քաղաքականությունը որդեգրել է Ադրբեջանը։ Առանց այդ էլ պատվաստվածների բավական բարձր ցուցանիշ ունեցող այս երկրում իշխանությունները որոշել են պարտադիր պատվաստումների մարտավարության անցնել։

«Բոլոր չափահաս քաղաքացիները ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների և խոշոր առևտրի կենտրոնների ծառայությունից կկարողանան օգտվել միայն COVID անձնագրի, այն է՝ պատվաստման հավաստագրի առկայության դեպքում», - նշված է Ադրբեջանի կառավարության որոշման մեջ։

Ավելին, Ադրբեջանի նախագահ աշխատակազմը պարտավորեցրել է պետական կառույցների աշխատակիցներին պատվաստվել արդեն առաջիկա շաբաթներին։ «Մինչև հոկտեմբերի 1-ը պետական ծառայողների առնվազն 80 տոկոսը պետք է ամբողջությամբ պատվաստված լինի», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերի բաժնի ղեկավար Շահմար Մովսումովը։

XS
SM
MD
LG