Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի պաշտոնակցի հետ


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Այս մասին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցեր», - տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` հրաժարվելով մանրամասներ ներկայացնել:

Հայաստանի ռազմական գերատեսչության փաստացի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Կարապետյանի և Շոյգուի առաջին հայտնի հեռախոսազրույցն է։

Հատկանշական է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս հեռախոսազրույցի մասին դեռ լռում է։

Այս հուլիսի 20-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Նույն օրը՝ ավել վաղ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, իսկ Արշակ Կարապետյանին՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոններից ազատելու հրամանագրեր:

XS
SM
MD
LG