Մատչելիության հղումներ

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ գիշերը ադրբեջանցիները կրակել են սահմանի Գեղարքունիքի հատվածում, առավոտյան՝ Երասխի ուղղությամբ


Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ընդգծում է՝ հայկական կողմից տուժածներ չկան։

Նախարարության փոխանցմամբ, հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների, նշում է պաշտպանության նախարարությունը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե այսօր հայկական կողմը կրկին կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Նման հայտարարություն Ադրբեջանը տարածել էր նաև կիրակի օրը։

Նշենք, որ ուրբաթ օրը սահմանի տվյալ հատվածում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից վիրավորվել է երեք զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն մեկ զինծառայող։

XS
SM
MD
LG