Վրաստանում այսօր մեկնարկում են "Agile Spirit-2021" («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամների ու դաշնակից պետությունների մասնակցությամբ։ Վարժանքները կշարունակվեն տասն օր և կավարտվեն օգոստոսի 6-ին։
«Միջոցառման նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների միջև, կատարելագործել ռազմական գործողությունների մշակման ու իրականացման ընթացքը բազմազգ ձևաչափում և բարելավել անվտանգային միջավայրը», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զինվորականների առջև խնդիր է դրված նաև առավել արդյունավետ դարձնել արձագանքը տարածաշրջանային մարտահրավերներին և է՛լ ավելի խորացնել համագործակցությունն այս ոլորտում։
2008 թվականից Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամակցության ձգտող Թբիլիսին արդեն տասներորդ անգամն է անցկացնում այս վարժանքները, աս տարի, սակայն, առավել ընդարձակ կազմով ու աշխարհագրությամբ։ Վրաստան են ժամանել, մասնավորապես,15 պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի 2 հազար 500-ից ավելի զինվորականներ։
Ամենամեծ ներկայությունը կունենա հյուրընկալող երկիրը՝ 1600 զինվորներով, երկրորդը՝ Ամերիկան, որը Վրաստան է ուղարկել մոտ 700 զինծառայողների։ Մնացած ավելի քան տասը երկրները համատեղ ներայացված կլինեն մոտ 250-հոգանոց զորախմբով։
Այս տարի առաջին անգամ բազմազգ օդադեսանտային գործողություն կիրականացվի՝ Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի մասնակցությամբ։ Բացի այդ, առաջին անգամ վրացի հատուկ ջոկատայինները՝ ամերիկացիների ու բրիտանացիների հետ, կփորձեն ուժերն ու կհամակարգեն ջանքերը արագ արձագանքման ուժերի կազմում։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հպարտությամբ նշում է նաև, որ առաջին անգամ միջազգային զորախաղերում կներգրավվեն վրացական արտադրության երկու զրահամեքենաներ՝ Didgori Meomari-ն ու Didgori MedEvac-ը։
Միջոցառման տեխնիկական հագեցվածությունն ապահովելու գործում ևս մեծ է Ամերիկայի ներդրումը, որն օրեր առաջ դեռ Գերմանիայի և Ռումինիայի ռազմակայաններից Վրաստան է տեղափոխել տասնյակ ուղղաթիռներ ու զրահամեքենաներ։ Սեփական նավերն է գործուղել նաև Ուկրաինան, որը ևս հավակնում է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։
Թբիլիսին մեծ կարևորություն է տալիս այս զորավարժություններին ու պնդում է, թե դրանք ավելի իրական են դարձնում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նախորդ միջոցառման ավարտին, հրաժեշտ տալով դաշնակից երկրների զինվորականներին, երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր․ - «Ճանապարհը դեպի ՆԱՏՕ ճանապարհ է դեպի գլոբալ խաղաղություն և կայունության ամրապնդում տարածաշրջանում»:
Ի դեպ, բազմազգ վարժանքներում կներգրավվեն նաև Թուրքիան և Ադրբեջանը։
Հայաստանը, սակայն, մի քանի տարի է, այդ թվումէ Թավշյա հեղափոխությունից հետո, Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին չի մասնակցում։