Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, թե Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և երկրի այլ քաղաքներում «մինչ օրս հազարավոր հայեր են ապրում»


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

«Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Ադրբեջանի այլ քաղաքներում մինչ օրս հազարավոր հայեր են ապրում», - պնդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Արձագանքելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկվա հայտարարությանը, պաշտոնական Բաքուն վստահեցրել է՝ «եթե չլինեին Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային հավակնությունները և ագրեսիայի քաղաքականությունը, այդ թիվը շատ բարձր կլիներ»:

«Այդ երկիրը, դեռևս ելնելով «պատմական» պատրանքներից, տարածքային հավակնություններ է ներկայացնում հարևան երկրներին: Տարածաշրջանի ամենափոքր և ամենաթույլ երկրի համար դա հեռու է իմաստուն քաղաքականություն լինելուց», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Բաքվի «ռազմավարի պուրակի» առնչությամբ նա պնդել է, թե այն «ագրեսորի նկատմամբ իրավունքի և արդարության հաղթանակի խորհրդանիշ է»:

ՀՀ արտգործնախարարությունը երեկ հայտարարել էր, որ «ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար»:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պնդմանը, թե պաշտոնական Բաքուն տարածքային պահանջներ չունի հարևանների նկատմամբ, իսկ Զանգեզուր, Սևան, Երևան ադրբեջանցիների «վերադառնալու» մասին խոսելով՝ նկատի ունեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետը փախստականների ու բռնի տեղանահվածների վերադարձի մասին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հակադարձել էր. - «Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ»։

«Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան», - նաև շեշտել էր ՀՀ արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG