Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար, «Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի՝ Եվրոպական խորհրդի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունների, պնդել է, թե պաշտոնական Բաքուն տարածքային պահանջներ չունի հարևանների նկատմամբ, իսկ Զանգեզուր, Սևան, Երևան ադրբեջանցիների «վերադառնալու» մասին խոսելով՝ նկատի ունեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետը փախստականների ու բռնի տեղանահվածների վերադարձի մասին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։
«Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է», - ասված է պարզաբանման մեջ։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։
«Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան», - ասված է պարզաբանման մեջ։
Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից, հայտնում է Հայաստանի արտաքին գերատեսչությունն՝ ընդգծելով՝ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։