Մատչելիության հղումներ

Ալիևը պնդում է, թե Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Հայաստանը Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ», - պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները նման տեղեկատվություն ստանում են, իր բնորոշմամբ՝ «ոչ պաշտոնական խողովակներով»։

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Այսինքն մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատել։ Հայաստանի կողմից, սակայն, որևէ արձագանք չկա։ Ավելին՝ մեզ ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ։ Կարծում եմ, որ դա նրանց կողմից մեծ սխալ է», - հայտարարում էր Ալիևը երեկ Բաքվի Խոջասան թաղամասում կազմակերպված արարողության ժամանակ։

Դրա ընթացքում Ադրբեջանի նախագահը բնակարաններով և մեքենաներով էր պարգևատրում 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և զոհերի հարազատներին։

«Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները, սկսեն աշխատել սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ Դելիմիտացիայի հարցում միջազգային կազմակերպություններից ևս այժմ դրական ազդակներ են ստացվում։ Եթե Հայաստանում դա չեն ցանկանում անել, իրենց գործն է։ Հայերը, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել», - հայտարարում էր Ալիևը։

Երեկվա իր ելույթում Ալիևը, մի քանի շաբաթ տևած դադարից հետո, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջանները կրկին ադրբեջանական պատմական հող հռչակեց՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները նաև այդ տարածքներ են վերադառնալու։

«Այժմ, հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակումից հետո, մենք իհարկե կվերադառնանք, ադրբեջանական բնակչությունը կվերադառնա նախնիների հողեր։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները վերադառնալու են հայրենի օջախներ։ Զանգեզուրը մեր հայրենի հողն է, Գյոյչան և Իրևանը մեր հայրենի հողերն են», - հայտարարում էր Ալիևը՝ հերթական անգամ հրապարակային ելույթում օգտագործելով Սևան և Երևան տեղանունների ադրբեջանական տարբերակները։

Ալիևը երեկ նաև կրկնեց ադրբեջանական դիվանագիտության հետպատերազմյան թեզերից ևս մեկը՝ պնդելով, որ ղարաբաղյան հակամարտությունը այլևս անցյալում է։

«Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանիորեն։ Ես, սակայն, երբեմն տեղեկատվություն եմ ստանում, որի համաձայն՝ կրկին խոսակցություններ են սկսել շրջանառվել, թե հարցը լուծված չէ։ Նման պնդումները սխալ են և ռիսկային», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

XS
SM
MD
LG