Քաշաթաղի շրջանի Փակահան գյուղի ուսուցիչը Երևանի կենտրոնում կառավարության շենքի առջև նախապատերազմական հիշողությունների գիրկն էր ընկել։ Այստեղ բազմաթիվ քաշաթաղցիներ էին հավաքվել՝ բոլորը նույն պահանջով:
«Մենք ուզում ենք, որ մեզ փոխհատուցեն բնակարանների համար, որովհետև Քաշաթաղից վերադառնալով Հայաստան շատերս մնացել ենք անտուն, մնացել ենք փողոցներում», - ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Մովսիսյանը:
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավարը շեշտում է՝ Քաշաթաղ մի օր կվերադառնան, բայց այսօր է իրենց ապրելու տեղ պետք:
Քաշաթաղի 10 հազար բնակիչ ունեցող շրջանը՝ 120 գյուղերով դատարկվեց, ադրբեջանական դարձավ այս պատերազմում: Պաշտոնապես հայկական հսկողության տակ են մնացել միայն Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը: Աղավնոն շուրջ 140 բնակիչ ունի այսօր, լիբանանահայ համայնքապետ, որ փորձում է հայերով պահել հայկական Աղավնոն, իսկ Բերձորով անցնում է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, բայց քաղաքի հենց կենտրոնով ադրբեջանական շարասյուններն են երթևեկում՝ շաբաթը երեք անգամ: «Ինչպե՞ս վերադառնանք», - հարցնում են բերձորցիները:
«Երեկ մի հատ տեսանյութ ենք տեսել, որ ադրբեջանցիները ընդեղ իրանց ավտոներով պտտվում են, ինձ համար, իմ երեխայի համար ես գտնում եմ, որ վտանգավոր է», - ասաց հավաքվածներից մեկը:
«Եթե Բերձորում 10 հատ անցակետ կա, 10-ն էլ ռուսներն են, մենք ինչի՞ն ենք տիրապետում», - ասաց հավաքվածներից Ազատ Եղոյանը:
Հիվանդանոցը չի աշխատում, դպրոց մանկապարտեզ չի գործել, հաստատում է Բերձորի քաղաքապետը: Նարեկ Ալեքսանյանն ասում է՝ բերձորցիներն իրենք պետք է որոշեն ի վիճակի են ապրել այս քաղաքում թե ոչ, այս պահին Բերձորում շուրջ 130 հոգով են:
«Ո՛չ հորդորել եմ վերադառնալ, ո՛չ արգելել եմ վերադառնալ, լավագույն դեպքում ասում եմ՝ գիտես, արի տես, փորձի հասկանալ՝ հնարավոր է, հնարավոր չէ, դու ինքդ պատրա՞ստ տենց մի օր, 10 օր, մի ամիս, մի տարի ապրելու, թե պատրաստ չես», - ասաց Ալեքսանյանը:
Անվտա՞նգ են Քաշաթաղի շրջանին մնացած երեք համայնքները, Բերձոր քաղաքը, վարչակազմի ղեկավարը մեղմ ասած՝ չի հստակեցնում: «Հարավային Կովկասում այս պահին անվտանգության խնդիր կա», - ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:
Քաշաթաղցիները Հայաստանի կառավարությանն են հիշեցնում՝ իրենք 90-ականներին հենց կառավարության ծրագրով են վերաբնակեցվել Քաշաթաղի շրջանում: Այսօր նամակ փոխանցեցին վարչապետի պաշտոնակատարին՝ գրել են՝ Հայաստանի տարբեր մարզերում, ժամանակավոր կացարաններում ու գիշերօթիկներում 3 հազար քաշաթաղցի ընտանիք է ապրում՝ «կա՛մ նրանց տան հարցը լուծեք, կա՛մ դրամական փոխհատուցում տվեք»:
Քաշաթաղցիներն ասում են՝ մինչև այժմ կառավարությունից խոստումներ լսել են՝ փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի հանդիպումներում. «Մեզ չեն մերժել, բայց հարցի լուծում էլ չկա, մինչև այսօր հարցի լուծում չկա»:
Քաշաթաղցի Արմեն Չոմոյանը այդ հանդիպումներին մասնակցել է, ասում է՝ որևէ կոնկրետ առաջարկ իրենց չի արվել: Այսօր էլ կառավարությունից քաշաթաղցիներին հանդիպման հրավիրեցին հուլիսի 15-ին՝ քննարկելու այն, ինչ պահանջում են: Չոմոյանը շեշտում է՝ Երևանում տուն չեն ուզում՝ այլ այնտեղ, որտեղից ավելի քան երկու տասնամյակ առաջ մեկնել են Արցախ՝ վերաբնակեցնելու ավերակ գյուղերը:
«Մենք Երևանում անելիք չունենք, մեզ պետք է տուն հողամասով, որպեսզի մենք մշակենք, ապրենք, մենք սովոր ենք հող մշակելուն», - ընդգծեց Արմեն Չոմոյանը:
Արցախում վերաբնակեցվածներն իրենց խնդիրը առանձնացնում են տեղահանվածների խնդիրներից, քչերն են ցանկանում ստեփանակերտում կամ հարակից գյուղերում նոր կյանք սկսել, երրորդ անգամ սկսել, ասում են՝ «մենք Հայաստանից ենք գնացել»:
«Արցախում, չէ, մենք համաձայն չենք, արմատներ չունենք, ոչ մի բարեկամ, ոչ մի հարազատ չունենք, մեր հարազատությունը, ամբողջ բարեկամությունը այստեղ ա», - նշեց Նադյա Գասպարյանը:
Կա՛մ Հայաստան, կա՛մ այնտեղ, որտեղից եկել են, Սիրանույշ Սահակյանը 22 տարի Կովսականում է ապրել, 9 տարին առանց լույսի, ասում է, համայնքում գործերը լավացան, հետո պատերազմն սկսվեց ու Քաշաթաղի այս քաղաքը հիմա Ադրբեջանինն է: Տիկին Սիրանուշն արդեն 8 ամսի սպասում է Աբովյանի գիշերօթիկում:
«Եթե Կովսական լինի, կգնամ, որովհետև ամուսինս այնտեղ է թաղված», - նշեց Սիրանուշ Սահակյանը: