Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պատշաճ հիմնավորումներ են ներկայացրել, որ ընտրություններին կազմակերպված, զանգվածային խախտումներ են տեղի ունեցել


Մինչ Սահմանադրական դատարանը քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումները, դատարանի բակի երկու կողմում հավաքվել էին քաղաքացիներ, որոնց մի մասը պաշտպանում է ընտրությունների արդյունքները, մյուս մասը՝ վիճարկում։

Նախքան Սահմանադրական դատարան մտնելը, Դաշնակցության անդամ, ընտրությունների արդյունքները բարձր դատարանում վիճարկող «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նախ խոսեց ակնկալիքների մասին. - «Մեր ակնկալիքն է, որ Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրության արդյունքների ու մանդատների բաշխման վերաբերյալ և կայացնի երեք հնարավոր ելքերից մեկի վերաբերյալ որոշում՝ իրականացնի նոր արտահերթ ընտրությունների համար հիմք, իրականացնի մանդատների վերաբաշխում, որովհետև այս պահի դրությամբ ակնհայտ է, որ իշխող ուժի մանդատները անհամաչափ են ստեղծված ներքաղաքական և հանրային տրամադրություններին, և վերջապես երրորդ որոշումը՝ առնվազն գոնե ընտրության երկրորդ փուլ անցկացնի։

Մինասյանի խոսքով, իրենք պատշաճ հիմնավորումներ են ներկայացրել, որ ընտրություններին կազմակերպված, զանգվածային խախտումներ են տեղի ունեցել. - «Սահմանադրական դատարանը պետք է քննի գործը հետևյալ տրամաբանությամբ. մեղադրանքները հնչեցվում են մեր կողմից, արդեն հակառակի ապացուցման պարտականությունը դրվում է պատասխանող կողմի վրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հարակից պատասխանողներ և այլն։ Մասնավորապես, սկսած վարչական ռեսուրսների տոտալ օգտագործումից, ընտրական ցուցակների մասսայական խախտումներից, ավարտված կոնկրետ ընտրատարածքներում կրկնակի քվեարկություններ և, որ ամենածանր ու վատ դրսևորումն է, դա ողջ նախընտրական և բուն ընտրական գործընթացում իշխանության ամենաայլանդակ վարչական լծակների օգտագործումն է եղել։ Չափազանց կարևոր է, որ Սահմանադրական դատարանում հնչեն այս հարցերի պատասխանները, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունե՞ր շարունակել երկրի կառավարություն ղեկավարել և միաժամանակ գործադրեր նման ծավալի վարչական ռեսուրսներ, լծակներ և ըստ էության իրականացնել պետական ընտրակաշառք։ Հուսանք, որ Սահմանադրական դատարանը կկայացնի իրավունքի վրա հենված որոշում, այլ ոչ թե քաղաքական կոնյուկտուրայից ելնելով կձգտի հերթական արջի ծառայությունը մատուցել մեր պետականությանը»։

«Հունիսի 20-ին Հայաստանում ազատ, արդար ու անկաշկանդ ընտրություններ են տեղի ունեցել», - Սահմանադրական դատարանի բակում իր աջակիցների հետ կայացած հավաքի ընթացքում հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

Անցողիկ շեմը չհաղթահարած «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ղեկավարը «թեև հաշտ չէ արդյունքների հետ, բայց հարգում է ժողովրդի ընտրությունը». - «Այդ պահին ժողովրդի տրամադրությունները հենց այդպիսի դասավորության մասին են եղել, ես կոչ եմ անում քաղաքական մեր բոլոր ուժերին հաշտվել այդ ընտրության հետ, այն իրողության հետ, որ առաջիկա հինգ տարիները առնվազն հենց այս քաղաքական դասավորությամբ, այս քաղաքական միջավայրում մենք պիտի կազմակերպենք մեր քաղաքական կյանքը, քաղաքական ընթացքը»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության կազմակերպած՝ «Ի պաշտպանություն ժողովրդավարության» ակցիայի ընթացքում Բաբաջանյանը հայտարարեց, որ եթե Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչի, դա կլինի սահմանադրական կարգի տապալում. - «Դա լինելու է ոտնձգություն ժողովրդի իշխանության նկատմամբ, դա լինելու է սահմանադրական կարգի տապալման փորձ, որը ունենալու է քաղաքական և իրավական հետևանքներ»։

XS
SM
MD
LG