Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը դիմեց ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները


Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրապարակում է դատարանի որոշումը, արխիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրապարակում է դատարանի որոշումը, արխիվ

Այսօր «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Քաղաքական ուժերը հունիսի 20-ի արտահերթի արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումներ Սահմանդրական դատարան կարող են ներկայացնել այսօր մինչև ժամը18-ը: Բացի «Հայաստան» դաշինքից նման մտադրության մասին հայտնել են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի մասնակցությամբ կազմված «Պատիվ ունեմ»-ը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք»-ը։ Այս ուժերը հայտարարում են, որ գրանցված ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա։

Դիմում ներկայացրած «Հայաստան»-ն ու նման մտադրություն ունեցող «Պատիվ ունեմ»-ը անցել են խորհրդարան։

Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն այս դեպքում նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ ավելի երկար ժամկետի կարիք Սահմանադրական դատարանը չի էլ ունենա, վստահ է՝ փաստարկներ չկան խախտումների մասին: «Կզարմանամ, եթե Սահմանադրական դատարանը այս դիմումը, որը որ իրենք ներկայացրել են, երկար քննի, որովհետև ակնհայտ է, որ սա արվում է դեմքը պահպանելու համար՝ որպեսզի մենք հնարավորություն չունենանք ասել, որ ևս մեկ աննախադեպ արդար ընտրություններ ենք անցկացրել Հայաստանի Հանրապետությունում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը:

Սահմանադրական դատարանում գործընթացը մի քանի զարգացում կարող է ունենալ։ Տարբերակ առաջին՝ Ազգային ժողովի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ: Տարբերակ երկրորդ՝ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը. այս դեպքում կարող է սահմանվել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակվել ընտրությունների երկրորդ փուլ։

Նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։ Սահմանադրության 90-րդ հոդվածում ասված է. - «Եթե մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, ապա գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Կազմավորման օրը համարվում է մանդատների բաշխման օրը, «Ազատության» հետ զրույցում հստակեցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Կազմավորում» բառը մենք մի անգամ 18 թվականին արդեն մեկնաբանել ենք: ԿԸՀ-ն արձանագրություն կազմեց, և երբ որ կոնկրետ արձանագրությամբ տրվում են մանդատները, մեկնաբանվեց, որ հենց այդ պահը պետք է հաշվել կազմավորման պահ, որովհետև ուրիշ կազմավորման պահի սահմանում չկա», - նշեց Մուկուչյանը:

XS
SM
MD
LG