Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը


Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Նախքան փակ հանդիպման մեկնարկը Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի ղեկավարի հետ ստիպված է ավելի հաճախ անվտանգության հետ կապված հարցեր քննարկել, քանի որ տարածաշրջանային իրավիճակը կայուն չէ, մասնավորապես, անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանը։

«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց պարբերաբար լինում են անհանգստության պահեր։ Մասնավորապես, կա անհանգստություն հայ-ադրբեջանական սահմանին», - նշեց Հայաստանի ղեկավարը՝ հավելելով, որ ցավոք, դեռ ամբողջովին լուծված չէ գերիների հայրենադարձման հարցը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Պուտինին վերջերս 15 հայ ռազմագերիների վերադարձի համար։

Պուտինի խոսքով՝ զգայուն հարցերը հնարավոր է լուծել ժողովրդի աջակցությունը ունենալու պարագայում։ Ռուսաստանի ղեկավարը նաև ընդգծեց, որ այդ աջակցությունը Փաշինյանն ունի. «Դրա համար ես Ձեզ շնորհավորում եմ և ակնկալում լուրջ քննարկում բոլոր այն հարցերի շուրջ, որ վերջին շրջանում ակտիվ քննարկում ենք», - ասաց Ռուսաստանի առաջնորդը։

Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում է աշխատանքային այցի շրջանակներում, և սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո և Պուտինի հետ երրորդ հանդիպումն այս տարի՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի մայրաքաղաք էր այցելել հունվարի 11-ին և ապրիլի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG