Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
«Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջինն», - ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության` ասված է բանաձևում:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: