Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ուկրաինան փորձում է խարխլել Մինսկի համաձայնությունները և Ռուսաստանը ներկայացնել իբրև հակամարտության կողմ: Դա, ըստ Պեսկովի, անընդունելի գործելակերպ է:
Պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստահաղորդաշարը վարող լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, Պեսկովն ասել է, թե Ուկրաինան չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնությունները:
Ուկրաինան փորձում է դրանք ներկայացնել որպես մեռյալ և այլևս չգործող համաձայնություններ, որոնք անհրաժեշտ է փոխարինել և Ռուսաստանը ներկայացնում է որպես Դոնբասում ընթացող հակամարտության կողմ, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և անընդունելի է թե՛ Ռուսաստանի և թե՛ նորմանդյան քառյակի համար», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Կիևի կողմից մինսկյան համաձայնությունների չկատարումն է հիմնական հանգամանքը, որը խոչընդոտում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը: