Մատչելիության հղումներ

Վայոց ձորի սահմանի նոր բնագծերը դեռ կահավորվում են, ինժեներական աշխատանքներ են


Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի այս սարերից այն կողմ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներն են, հայկական ուժերն այժմ զբաղեցրած նոր բնագծերն են կահավորում, նոր դիրքերում ինժեներական աշխատանքներ իրականացնում։

«Հակառակորդը նշված դիրքից գտնվում է 1000-1200 մետր հեռավորության վրա, գնդի պաշտպանության տեղամասի տարբեր հատվածներում հակառակորդը տարբեր հեռավորությունների վրա է գտնվում: Տեղեր կան` մինչև 100-150 մետր և ավելի` մինչև 1000-1500 մետր հեռավորության վրա», - ասում է Գեղամ Մարտիրոսյանը:

Նրա ղեկավարած զորամասին է վստահված այս մարտական դիրքը, գնդապետը հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է գնահատում. «Ներկա պահին սահմանային իրադրությունը լարված չէ, հակառակորդի կողմից որևիցե սադրող գործողություններ ներկա պահին չկան: Տարածքը, որտեղ ներկայումս մենք գտնվում ենք, հակառակորդի կողմից պետական սահմանի խախտում չի եղել, սակայն գնդի վստահված տեղամասերից առանձին հատվածում տեղի է ունեցել հակառակորդի կողմից պետական սահմանի խախտում որոշակի չափով»:

Հայ -ադրբեջանական սահմանի այս հատվածում հայկական ուժերը նախկինում դիրքեր չեն ունեցել, պատերազմի ավարտից ավելի քան կես տարի անց այստեղ ինժեներական աշխատանքները չեն ավարտվել, դիրքերից մի քանի կիլոմետր ներքև, օրինակ, տրակտորներ էին աշխատում, ճանապարհ բացում:

Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը պնդում է՝ այս ամիսների ընթացքում ինչ կարող էին անել, արել են. «Ես ռազմական գաղտնիքներ չեմ ուզում հրապարակել, այն ամենը` հնարինը և անհնարինը, ինչը կարողացել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և բանակային կորպուսը, զորամիավորումն անել, արել է մաքսիմալը, արել է մաքսիմալը: Դա արդեն մնացած այն շտրիխները, այն էլեմենտները, ես իրավունք չունեմ բացելու»:

Ադրբեջանական ուժերն ավելի քան մեկ ամիս է` հատել են սահմանը պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի ու Գեղարքունիքի մի քանի հատվածներում ու չեն հեռանում։ Ինչո՞ւ էր սահմանն անպաշտպան, որ ադրբեջանցիները կարողացան անարգել հատել այն. այս հարցը ավելի քան մեկ ամիս է` ուղղվում է Հայաստանի իշխանություններին, որոնք պնդում են՝ պատերազմից հետո ձևավորված նոր սահմանն ամբողջովին չեն հասցրել կահավորել, եղանակային պայմանները խանգարել են։

Վայոց ձորի Ջերմուկին մոտ տեղակայված դիրքերի պատասխանատուները Սյունիքի մասին չխոսեցին, սակայն, նշեցին՝ իրենց մոտ դեռ շատ գործ կա անելու. «Մինչև խոր աշուն շատ մեծ աշխատանքներ ունենք կատարելու: Որ նայում ենք, շատ մեծ աշխատանքներ ունենք, չասեմ տոկոսային հարաբերությամբ ինչքան, հակառակորդին տեղեկություն չտանք»:

Շաբաթներ առաջ նախկին լրագրող Սուրեն Ստեփանյանը Սյունիքի մարզի դիրքերում արված լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել, որոնք բուռն արձագանք ստացան ու քննադատության ալիք բարձրացրին պատասխանատուների հասցեին. նկարներում երևում են սահմանապահների կացարանային վատ պայմանները, վրանների բացակայությունը. «Ժողովուրդ, հուլիս ամիսն ա, օգոստոսն ա էսա, էսա էլի ձյուն ա գալու այդ սարերում, նո՞ր եք ինժեներական աշխատանք անում, կամ նո՞ր եք փորում, կամ նո՞ր եք դոմիկ ու վրան դնում»:

Ռազմական գերատեսչությունից մինչդեռ շեշտում են՝ այդ աշխատանքները ընթացիկ են. «Շարունակում ենք կահավորման աշխատանքները: Ներգրավված են տարաբնույթ միջոցառումներ, տարբեր տիպի ինժեներական տեխնիկաներ, դուք ինքներդ ձեր աչքով էլ տեսաք տարբեր բնույթի տեխնիկաներ»:

Նախկին լրագրողի խոսքով՝ մեծ բյուջե ունեցող Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կարող էր մի քանի հազար զինծառայողի վրանների, քնապարկերի և այլ փոքր խնդիրները լուծել, փոխարենը անհատներն են այդ հարցերով զբաղվում. «Մի 100 հատ վրան գնելը պետության համար մեծ խնդի՞ր է: Չեմ կարծում: Կամ մի քանի հազար հատ քնապարկ գնելը պետության համար մեծ փո՞ղ ա: Էլի չեմ կարծում»:

XS
SM
MD
LG