Մատչելիության հղումներ

«ԵՄ-Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովը՝ դեկտեմբերի 15-ին


«Արևելյան գործըներության» երկրները
«Արևելյան գործըներության» երկրները

Այս տարվա դեկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գումարվելու է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ավելի վաղ ասել է, որ գագաթնաժողովի մասնակիցները պետք է քննարկեն ապագա ծրագրերը:

«ԵՄ-Արևելյան գործընկերություն» ծրագրված գագաթնաժողովը պետք է տեղի ունենար այս տարվա մարտ ամսին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

«Մենք բոլորս, իհարկե, ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ հանդիպումը հետաձգվել է, նույնը տեղի է ունեցել միջազգային բազմաթիվ այլ գագաթնաժողովների պարագայում, բայց դեկտեմբերին մենք կհանդիպենք և կունենանք մեր նոր օրակարգը կազմելու, ապագայի ընդհանուր տեսլականը համաձայնեցնելու հնարավորություն»,- ասել է Բորելը:

«Արևելյան գործընկերությունը» Եվրոպական միության նախագիծ է, որի նպատակն է ԵՄ պետությունների քաղաքական և տնտեսական կապերի ընդարձակումը նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ:

Արևելյան գործընկերության հիմնադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում:

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի հետ կնքել են ասոցացման պայմանագրեր, և այդ երեք երկրների քաղաքացիները ստացել են առանց վիզաների Միություն այցելելու հնարավորություն: Բելառուսի հետ վիզային ռեժիմն ավելի դյուրին է դարձել:

Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

XS
SM
MD
LG