Ընտրության արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը, և ժողովուրդը ցանկացել է խորհրդարանը տեսնել այնպիսին, ինչպիսին որ այս պահին կա, համոզված է վարչապետի գլխավոր խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի անդամ Արայիկ Հարությունյանը:
«Ազատության» հետ զրույցում նա անդրադառնում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին, «Հայաստան» դաշինքի հայտարարությանը:
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների` առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոսով, երրորդը՝ Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոսով: «Հայաստան» դաշինքը պատրաստվում է քվեարկության արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ.
«Ազատություն» - Ի՞նչ կասեք դժգոհողներին, հատկապես նրանց, որ ոչ ձեզ, ոչ նախկին իշխանությանը չէին ուզում երկրի ղեկին տեսնել:
Արայիկ Հարությունյան - Արձանագրում ենք, որ ընտրության արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը, և ժողովուրդը ցանկացել է խորհրդարանը տեսնել այնպիսին, ինչպիսին որ այս պահին կա: Բնականաբար, ձևավորվող կառավարությունը և ձևավորվող նոր իշխանությունը բոլորի իիշխանությունն է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի բոլոր այն մարդկանց սպասելիքները, որոնք կապված են եղել այլ ուժերի հետ, նույնպես արդարացնի, բայց այդ նույն մարդիկ իրենք իրենց հերթին պետք է ջանքեր գործադրեն` համատեղ աշխատելու, գործելու, առաջարկներ անելու` ի շահ պետության աշխատելու:
«Ազատություն» - Սահմանադրական մեծամասնություն ասելով նկատի է առնվում, որ այդ թվում` սահմանադրական օրենքներ ընդունելու համար խորհրդարանում ձեզ պետք չի լինելու ընդդիմության քվեն:
Արայիկ Հարությունյան - Այո, այդպես է, հենց այնպես, ինչպիսին է ներկայիս խորհրդարանը:
«Ազատություն» - Իսկ ընդդիմության մասով պատկերը ձեզ գոհացնո՞ւմ է, ի վերջո, ում դեմ պայքարում էիք, մերժում` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ահա հիմա խորհրդարանում լեգիտիմ ընդդիմություն են:
Արայիկ Հարությունյան - Այնպես, ինչպես ընդդիմությունը պետք է հաշվի նստի ժողովրդի կամքի հետ ընտրված իշխանության դեպքում, այնպես էլ իշխանությունը և մենք պետք է հաշվի նստենք ժողովրդի ընտրության հետ` կապված ընդդիմության հետ: Ըստ էության, ժողովուրդն ասաց` ես այսպիսին եմ ցանկանում տեսնել խորհրդարանը, գնացեք և աշխատեք, և յուրաքանչյուր ուժ պետք է ջանք գործադրի, որպեսզի այլևս այս արատավոր շղթայից դուրս գանք և ունենանք մի խորհրդարան, որտեղ կլինի մտքերի, գաղափարների բախում և աշխատանք:
«Ազատություն» - Ունե՞ք մեղքի բաժին, որ քաղաքական համակարգում նրանք նորից դերակատարներ են 18-ից հետո:
Արայիկ Հարությունյան - Չեմ կարող ասել, որովհետև մենք ունեցել ենք 30 տարվա արատավոր երևույթներ, որոնք կարճ ժամանակում հնարավոր չէ վերացնել:
«Ազատություն» - Պարո՛ն Հարությունյան, «Հայաստան» դաշինքը մտադիր չէ, կարծես, ընդունել քվեարկության արդյունքները, ինչպես իրենք են ձևակերպել, քանի դեռ խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, փարատված չեն կասկածները ընտրակեղծիքների մասին, և վկայակոչում են երեկ եղջ օրը իրենց շտաբում հնչած ահազանգերն ընտրակեղծիքների մասին:
Արայիկ Հարությունյան - Գիտեք, այս պահին հիմնականում ձեռնպահ կմնամ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մեկնաբանելուց, մինչև հասկանանք` վերջնական այդ քաղաքական ուժը ինչ կեցվածք է ընդունում ընտրությունների հետ կապված: Իրենք դարձան իրենց ստեղծած ֆեյք զուգահեռ իրականության զոհը, և ես չեմ ուզի, որ նրանք` որպես ընդդիմություն և ամենաշատ ձայները ստացած ընդդիմություն խորհրդարանում, շարունակեն ստեղծել նույն ֆեյք իրականությունը: Եվ հաշվի պետք է նստեն ժողովրդի կամքի հետ:
«Ազատություն» - Բանակը ներգրավելու, զինվորականներին ուղղորդելու ահազանգեր են հնչել, Սյունիքում, մասնավորապես «Հայաստան» դաշինքի վստահված անձինք, ներկայացուցիչներն են բարձրաձայնել այս մասին, որ այդ զինվորները գնացել, հենց երրորդ համարն են վերցրել:
Արայիկ Հարությունյան - Եթե փաստեր կան, շատ հանգիստ կարող են ներկայացնել համապատասխան ատյաններին, բայց ես բացառում եմ նման երևույթներ:
«Ազատություն» - «Հայաստան» դաշինքի վերաբերյալ կան տեղեկություններ, կամ կոչեր են իրենց անում չվերցնել մանդատները և այսպես սահմանադրական ճգնաժամ առաջացնել, որպեսզի 30 տոկոս ընդդիմության ներկայացվածություն չլինի խորհրդարանում: Դուք այս տարբերակը դիտարկե՞լ եք:
Արայիկ Հարությունյան - Ո՛չ, չենք դիտարկել, ժողովրդի կամքը չընդունողը վերջնական կմերժվի նույն ժողովրդի կողմից:
«Ազատություն» - Եթե գնան Սահմանադրական դատարան, սա այն կառո՞ւյցն է, որը կարող է անաչառ քննել ընտրությունների ընթացքը:
Արայիկ Հարությունյան - Եկեք թող քննի, կտեսնենք:
«Ազատություն» - Որովհետև այս կառույցը Ռոբերտ Քոչարյանին արդարացրել է, իմ հարցը ենթատեքստ ուներ:
Արայիկ Հարությունյան - Մենք Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունում ենք ի գիտություն:
«Ազատություն» - Թավիշը պողպատով փոխարինելը, արդեն ծանրակշիռ հաղթանակից հետո արդյոք նորից հանրային օրակարգ այս թեման բերելը, վենդետաներ, ասֆալտին փռել չի՞ հանդարտեցնելու երկիրը:
Արայիկ Հարությունյան - Վենդետաները և ասֆալտին փռելը պետք է լինի բացառապես օրենքի և օրինականության շրջանակում, և պատահական չէ, որ պողպատե մանդատ ասելով մենք նկատի ենք ունեցել օրենքի և իրավունքի դիկտատուրան: