Մատչելիության հղումներ

Դատախազությունը ընտրողներին կոչ է անում չհանրայնացնել քվեախցիկում արված լուսանկարները, տեսագրությունները


Գլխավոր դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնում է, որ արդեն իսկ հրապարակված նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ Դատախազության կողմից նախաձեռնվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով:

Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ:

Իսկ քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

XS
SM
MD
LG