Մատչելիության հղումներ

«Մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ վերահաստատելու համերաշխությունը», - շեշտում է Վեհափառը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

«Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին», - հայտարարում է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:

«Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա», - ասված է Վեհափառի ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք պարտք ու պատասխանատվություն ունենք մեր անկախ պետականության պահպանման ու ամրապնդման, մեր հայրենիքի զորացման համար։ Պատասխանատվություն ունենք մեր զոհված նահատակների լուսավառ հիշատակի, մեր ներկայի ու գալիքի, մեր սերունդների առջև։ Ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը։ Նաև կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում», - ընդգծում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը: Հայրապետական Մեր հորդորն է, սիրելի ժողովուրդ, զերծ մնալ ատելության խոսքից, անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն, օրինահարգություն և նոր փորձություններով չվտանգել հայրենական մեր կյանքը։ Մեր պատմության նոր էջը կերտենք հավատքով ու լավատեսությամբ, սիրով ու միասնականությամբ։ Միշտ հիշենք, որ Հայաստանում կայուն իրավիճակով, մեր ամուր պետականությամբ է նաև պայմանավորված Արցախի ապագան, արցախաբնակ մեր քույրերի ու եղբայրների հիմնախնդիրների հաղթահարումը», - ասված է ուղերձում:

XS
SM
MD
LG