Այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 մարդ։
Էլեկտրոնային եղանակով հունիսի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում քվեարկությանը մասնակցել է 500 քաղաքացի։ Էլեկտրոնային քվերակության արդյունքները կամփոփվեն այսօր Հայաստանի տարածքում քվեարկության ավարտից հետո։
Ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք, ընդհանուր՝ 2 հազար 510 թեկնածու։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ կազմակերպվել է 2008 ընտրական տեղամաս, 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում։ Ընտրական օրենգրքի պահանջների համաձայն, ՔԿՀ ընտրատեղամասերը կբացվեն ավելի ուշ։
Սահմանված ժամին՝ 8։00-ին, բացվել է 1996 տեղամասային կենտրոն և առաջին ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը։
Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ընդհանուր թվով 483 միջազգային դիտորդներ և 8 հազար 749 տեղական դիտորդներ, որոնք ներկայացնում են ընդհանուր թվով 19 տեղական հասարակական կամակերպություններ։ Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ։
Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 68 զանգվածային լրատվության միջոցի 749 ներկայացուցիչ և 49 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցի մոտ 135 ներկայացուցիչ։
Տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ և ընդհանուր թվով 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է ուղիղ հեռարձակում։
ԿՀԸ-ն երեք ժամը մեկ կհրապարակի քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություներ։