Ուզում եմ՝ Եվրոպան իմանա, որ Միացյալ Նահանգներն իր կողքին է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ժամանելով Բրյուսել, որտեղ այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
Եվս մեկ անգամ ընդգծելով, որ իր վարչակազմը մտադիր է վերանայել նախորդի՝ Դոնալդ Թրամփի պասիվ վարքագիծը արտաքին քաղաքականության ու դիվանագիտության ոլորտում, Բայդենը նշել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի սրբազան պարտքն է հավատարիմ մնալ հավաքական պաշտպանության՝ հինգերորդ հոդվածին։
«Ես շարունակաբար հիշեցնում եմ ամերիկացիներին՝ երբ Ամերիկան առաջին անգամ հարձակման ենթարկվեց, ՆԱՏՕ-ն շտապեց օգնության՝ հարգելով այդ հոդվածը։ Եվ ես ուզում եմ, որ ողջ Եվրոպան իմանա՝ Միացյալ Նահանգներն իր կողքին է», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում դաշինքի անդամ երկրները կքննարկեն՝ ինչպես են դուրս բերելու զորքը Աֆղանստանից, որքան գումար են տրամադրելու պաշտպանական ծախսերին և ինչպես են կառուցելու հետագա հարաբերությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ։