Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանն Արցախի հարցի լուծումը կապում է հզոր բանակ ունենալու հետ


«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր Գյումրիում ներկայացրեց անվտանգ ու ապահով հայրենիք ունենալու իրենց տեսլականը: Բաբայանն ասում է, որ պետք է ամեն մի պաշտոնյա իր արածի համար պատասխանատվության ենթարկվի, ոչ թե սահմանափակվեն միայն պաշտոնանկություններով: Հավելեց` ամեն մեկին էլ կոստյում հագցնես, նախարար կդառնա, 2 տարի կթալանի, առանց պատասխանատվության կհեռանա:

«Եթե մենք էս պարանը մի անգամ չկտրենք, որ ցանկացած անձի, այ ստեղ նստած, կաստյումը հագցրու, ասա՝ «գնում ես նախարար», չի ասելու, որ ինքը չի կարա: Սուս, փուս գնալու ա նստի: Խի՞: Որովհետև թող շատ-շատ գործից ազատելու են, ուրիշ բան չի լինելու: Կթալանեմ մի էրկու տարի, հետո գործից կազատեն՝ կգնամ վայելեմ: Էս պատիժը, էս բացահայտումը պետք ա հենց էդ խնդրի լուծումների համար, սկսած էս ընթացքում ինչ եղել ա, որ մարդիկ հասկանան, որ անպատիժ ոչ ոք չի մնալու», - ասաց նա:

Պատերազմի օրերին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող գեներալից ներկաները հետաքրքրվեցին, թե ինչու հայկական կողմը պարտվեց, և ով էր մեղավոր:

«Վերջի 10 տարին ովքեր ղեկավարել են՝ սկսած գործողից, վերջացրած էն մնացածով, պարտավոր են պատասխան տալ՝ գեներալիտետն էլ, քաղաքական ղեկավարներն էլ, ամենքը իրա մասով: Եթե քո գեներալը, շտաբի պետը զեկուցագիր չի գրում իրա քաղաքական ղեկավարին, այ ձեր ասած «Պանցիր»-ները, որ անհապաղ պետք ա, չգիտեմ, մի միլիարդ էլ վճարել, բերել, որովհետև պատերազմը պարտվում ենք... Կամ ասում ա՝ «երրորդ օրը ես հասկացա, որ վիճակը լավ չի, մենք պարտվում ենք», բայց ոչ հրաժարական ա տալիս, ոչ բան, տեղը նստում ա, ասում ա՝ «Նիկոլ, կռիվը կանգնացրու», ոնց որ Նիկոլն ա կռիվը սկսել, Նիկոլը պիտի կանգնացնի: Նիկոլը սկի իրան չի կարում կանգնացնի, ինչ մնում ա կռիվը կանգնացնի: Հասկանո՞ւմ եք, չի կարելի, էդ ձեռ են առնում: Ասին՝ «25 տարի պատրաստվել ենք, բան, հա՞», երեք օրում հասկացել, որ մենք բանակ չունենք, պարտվում ենք»:

Պետք է հզոր բանակ ունենաս, որ քո հետ հզորի դիրքից բանակցեն: Արցախի հարցի լուծումը ևս Սամվել Բաբայանը կապում է հզոր բանակ ունենալու հետ, ոչ թե պատերազմի պատրաստվելու, այլ բանակցություններին` դիրքերն ամրապնդելու համար. «Հանրաքվեով անցկացրած տարածքը էսօր պետք ա մեր քաղաքական ղեկավարությունը ներկայացնի Ադրբեջանին, որ պիտի վերականգնի, միջնորդներին, մանդատային տարածք, այնուհետև՝ ստատուս, անկախություն: Բայց քաջ գիտակցելով, որ դա էս փուլում Ադրբեջանը չի գնալու, դրա համար մենք պետք ա ունենանք հզոր բանակ, պրոֆեսիոնալ, որ կարողանանք դա պարտադրել, որ էդ ճանապարհով ընթանա: Բայց ինչքանո՞վ մենք կարող ենք համախմբված լինենք և խնդիրներ լուծենք՝ Ղարաբաղի խնդրի հարցը դրանից ա կախված: Ավելի մանրամասն էս փուլում չի կարելի ասել»:

Ռուսաստանի հարցում սխալ մոտեցում է դրսևորվել, ոչ թե պետական շահն են առաջ տարել, այլ անձնական, գտնում է Բաբայանը` խոսքը ուղղելով հատկապես նախկին իշխանություններին. «Մեր քաղաքական ղեկավարությունը այս ամբողջ 30 տարին ոչ թե գնացել է Ռուսաստանի հետ ռեալ բանակցությունների, խնդիրները լուծելու, հակասությունները հասկանալու, այլ գնացել է «գազի գինը մի քիչ իջեցրեք, մեզ մի գործ տաք, մի զավոդ տաք», հա՞, ազգի հաշվին հարստացել են: Սա է եղել պրոբլեմը: Ես համարում եմ, որ Ռուսաստանի հետ պետք է մենք ունենանք ճանապարհային քարտեզ:

Բաբայանն ասում է` հիմա բոլորը մեկը մյուսից լավ խոստումներ են տալիս, պետք է կողմնորոշվել, թե ով է առաջարկում խնդիրներ լուծելու բանալին:

XS
SM
MD
LG