Այսօր Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի բնակավայրերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին ու հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։
«Էսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը և այլն և այդպես շարունակ, ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Ի՞նչ նկատառումներով, ես դրա մասին հետո կխոսեմ, իմ կռահումների մասին, կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, որովհետև և այլն, և այլն, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է», - նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայաստանյան անկլավների հարցը բանակցային օրակարգում եղել է դեռևս 1999 թվականից։ Ըստ նրա, այդ մասին հիշատակված է վերջերս իր կողմից հրապարակված Մեղրիի փոխանակման փաստաթղթում, որը երկար ժամանակ գաղտնի է եղել։ Այսօր ևս Փաշինյանը 99 թվականի այս փաստաթղթի հետ կապեց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունը։ Կարդաց Մեղրին փոխանակելու նախագծի կետերից մեկը, որով բանակցությունների սեղանին դրված պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։ Երկրի ղեկավարը ներկայացրեց իր պատկերացումներն այս հարցի վերաբերյալ։
«Մենք կարծում ենք, որ հետևյալն է՝ միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան, որ այն իրավիճակը, որ կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնում են, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշենը ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի մի քանի տասնյակ կիլոմետրանոց հայկական տարածքներ այսօր գտնվում են ադրբեջանական տիրապետության տակ։ Դրանց վերադարձի հարցը բարձրացրել են Ադրբեջանի առաջ. «Ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում, և այդ ընդհանուր համատեքստում մենք կշարունակենք գնալ առաջ»:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ասում են՝ սահմանագծման գործընթացն ամենևին չի անհանգստացնում իրենց։ Կոթի գյուղի բնակիչ Գառնիկ Մեջինյանն «Ազատությանն» ասաց, կուզենան, որ դա որքան հնարավոր է շուտ տեղի ունենա. «Մենք չենք կարում մշակենք մեր հողերը, սահմանազատեն, մարդիկ հանգիստ ապրեն, ամեն մեկն իրա տարածքը կիմանա՝ որը որից հետո է, ով ինչ է մշակում»:
Այսօր ընտրողներն ամենաբուռն արձագանքում էին Փաշինյանի այն մտքին, թե ընտրություններից հետո թավիշը պողպատ կդառնա։ Երկրի ղեկավարն ասաց՝ արդեն եղել են հանրապետության 5 մարզերում և հասկացել, որ մարդիկ ուզում են ունենալ ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանություն։ Խոստացավ՝ այս անգամ երկրում էլի ոչ բռնի, ժողովրդական, բայց պողպատե հեղափոխություն կլինի. «Ի՞նչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, դա նշանակում է՝ օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով»:
Փաշինյանն այստեղ էլ խոսեց նախկին իշխանություններից, իր ու նրանց մոտեցումների տարբերություններից. «Այսօր տեսեք ինչ է տեղի ունենում, իմ տղան՝ Աշոտը գնացել է մի հատ չգիտեմ էլ ինչ խանութ է, մի հատ գարեջրի խանութում աշխատում է վաճառող, ու էդ ընդդիմություն կոչվածի կեսն ընկել է որդուս հետևից, որովհետև էլիտայի կանոնն է խախտում, ասում են՝ ո՞նց կարա վարչապետի որդին գնա գարեջուր վաճառի, էս ի՞նչ ես անում դու, ո՞նց կարա վարչապետի որդին գնա բանակում ծառային, որպես շարքային պոստի կանգնի, ո՞նց կարա վարչապետի երեխան գնա առաջնագիծ, մի տեղ գնա, որտեղ ինքը կարա զոհվելու վտանգի առաջ դառնա, իրենք սրանից են պայթում, էս են ատում»:
Այսօր Փաշինյանի համար Տավուշում գառ զոհաբերեցին, աղավնիներ թռցրին, վարդեր շաղ տվին ոտքերի տակ, տեղ-տեղ չնախատեսված կանգառներ եղան՝ հենց ճանապարհին բացված սեղաններով, կենացներով ու հաջողության բարեմաղթանքներով։