Մատչելիության հղումներ

«Որևէ ուժ չի կարողանալու հավաքել 50 տոկոսից ավելի ձայն»․ Մարուքյանն ազգային համաձայնության կառավարության ձևավորման կողմնակից է


«Որ ուժը՝ 51 տոկոս հավաքեց, մյուս ուժն ասելու է՝ «կեղծվել են ընտրությունները», ժողովրդին հանելու ա, բերի հրապարակ, ցնցումներ են սկսելու երկրի ներսում, թուրքերն էլ, ժամացույցին նայելով, սպասում են, տեսնեն դա երբ ա լինելու», - այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսկացության առաջնորդ Էդմոն Մարուքյանն՝ այդուհադերձ վստահություն հայտնելով, որ որևէ ուժ չի կարողանալու հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։

Մարուքյանի խոսքով՝ եթե մտածող, համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան, ապա հնարավոր կլինի պարտադրել ազգային համաձայնության կառավարության ձևավորումը։ Այս սցենարի դեպքում, ԼՀԿ-ն ասում է, իր ամբիցիաները մի կողմ կդնի, վարչապետի թեկնածու չի առաջադրի, միևնույն ժամանակ կընդունի բոլոր ուժերից դուրս վարչապետի այն թեկնածուին, որը համազգային հաստատում կունենա։

«Ի սկզբանե ասել ենք՝ ոչ մի ուժի չենք միանալու առանձին վերցրած, որ էդ ուժը գա, էն մյուս ուժերին ոչնչացնի։ Մենք էդ օրակարգում չկանք, կա՛մ բոլոր ուժերով միանում ենք, երկրն էս վիճակից հանում ենք, կա՛մ դա տեղի չի ունենա և տեղի կունենա երկրորդ փուլ ընտրությունների։ Էս է մեր օրակարգը։ Ես երեկ տեսա, որ առաջին նախագահը սրա մասին խոսել է․ իշխանություն պետք է կիսեին, բոլորն իշխանություն են ունենում։ Ըստ էության, եկեք էս ձևով ձևակերպեմ, եթե էս օրակարգը հաղթում է, հունիսի 21-ին ընդդիմություն չենք ունենալու», - ասաց ԼՀԿ ղեկավարը։

Ընդդիմադիր Մարուքյանի կարծիքով՝ օրհասական իրավիճակում հայտնված երկրում ընդդիմություն հարկավոր չէ՝ գոնե 3-ից 4 տարի։ Ներքին խնդիրներն ահռելի են, դրանք լուծելու միակ ուղին, ըստ նրա, երկրի ներսում համերաշխությունը վերականգնելն է։

«Նաև ժողովուրդը կգնահատի էդ ուժերի պահվածքը, թե ով, ոնց իրեն պահեց էն ժամանակ, երբ որ թաշնամին մտել էր Հայաստանի Հանրապետության տարածք։ Թշնամու՝ Հայաստանի Հանրապետության տարածք մտնելն օգտագործում էր իր սեփական դիվիդենտները սպասարկելո՞ւ, ձայն հավաքելու համա՞ր, թե՞՝ ուղղակի բոլոր իր հարցերը դրել էր մի կողմ՝ կենտրոնացած էր պետական շինարարության գործի վրա։ Սրանք կարևոր բաներ են, ես վստահ եմ, մարդիկ հետևում են, մարդիկ գնահատում են էս ամեն ինչը, նայում են՝ ով, ինչ է ասում, չի ասում», - ընդգծեց Մարուքյանը։

Մարդիկ նաև լսում են հայհոյանքեր, վիրավորանքներ տարբեր ճակատներից։ Ընդդիմադիր «Լուսավոր»-ում անընդունելի են համարում սա․ - «Ո՞նց կարելի է գործող նախկին ղեկավարները նման հռետորաբանություն, նման բառապաշար օգտագործեն։ Ասում ա՝ «որ արա-ով են իրար դիմում, արդեն մի քիչ ուրախանում ենք, ասում ենք՝ լավ ա, էսօր իրար արա-ով դիմեցին»։

«Ազառության» հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր հասնել համերաշխության, երբ օրըստօրե միմյանց հասցեին հնչող հայհոյաննքերն ու վիրավորանքներն ավելի կոշտ բառապաշարով են, Մարուքյանը պատասխանեց՝ քարոզարշավի 5 օրերի ըթնացքում հասցրել են հասկանալ, որ վրեժի ծարավ փոքր խումբ կա, բայց նրանք չեն կարող ազդել ժողովրդի վրա։

«Մեր ուղերձը, մեր քարոզը սկսել է աշխատել։ Հիմա Դուք ասում եք՝ «բայց դեռևս հայհոյում են իրար», այո՛, և որքան իրանք իրար հայհոյում են, ես Ձեզ ասեմ, այնքան մեր օրակարգը դառնում է ավելի արդիական, ավելի սուր, ավելի կարևոր, ավելի օրհասական։ Այս երկրի իրավիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, ճոխություն է հիմա իրար ոչնչացնելու պլաններ մշակելը։ Պլան է պետք մշակել, թե ոնց Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից թուրքերին հանել, պլան է պետք մշակել՝ բանակը ոնց վերականգնել, պլան է պետք մշակել՝ տնտեսությունը վերականգնել, ու ոնց-երը գիտենք, ու ոնց-երից առաջինը՝ ովքերո՞վ ենք սա անելու, և եթե մի ուժ ուզում է 51 տոկոս ձայն ստանա ու ասի՝ «ես սաղ գիտեմ, ես էդ սաղ կանեմ», մենք դա արդեն տեսել ենք, ժողովուրդ, հերիք ա», - ասաց Մարուքյանը։

Համերաշխություն ուզում և փնտրում են նաև ընտրողները, սակայն դեռ ապարդյուն. «Ազատության» հետ հիմնականում հուսահատ զրույցներ ստացվեցին։

«Հայհոյողը հայհոյելու է, հանգիստ նստողը հանգիստ նստելու է, ոնց որ միշտ, բան չի փոխվում», - ասաց զրուցակիցներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ պատասխանեց․ - «Ով էլ լինի, մենք նույնն ենք մնալու, մեր մոտ բան չի փոխվելու»։

«Լուսավոր Հայաստան»-ն այսօր շրջում էր Երևանի փողոցներով ու բակերով՝ բուկլետների հետ միասին համերաշխության իրենց ուղերձը տարածում։ «Մեր հույսը ձեր քվեարկությունն է, որը կպարտադրի այդ ուժերին հաշտեցում», - ասում էր Մարուքյանը։

XS
SM
MD
LG