Մատչելիության հղումներ

Ռիկերն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զորքերը հետ քաշել, սահմանազատման հարցերը լուծել խաղաղ ճանապարհով


ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հանդիպում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, Բաքու
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հանդիպում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, Բաքու

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զորքերը հետ քաշել սահմանագծից և սահմանազատման հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Նա նշել է, որ հակամարտությունը շատ կյանքեր է խլել, ու Միացյալ Նահանգներին շատ է մտահոգում նոր սրացման հնարավորությունը։

Երկու կողմերին նա կոչ է արել հակամարտության երկարատև կարգավորման համար որքան հնարավոր է արագ սկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` նշելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել ոչ միայն բուն հակամարտության կարգավորմանը, այլև հետևանքների վերացմանը, ներառյալ մարդասիրական հարցերը։

«Թուրանի» լրագրողը հարցրել է «Մինսկի խումբը ո՞ղջ է, թե՞ մեռած», Ադրբեջանի նախագահն ասել է, թե «հակամարտությունը լուծված է, ու Մինսկի խումը կարող է մասնակցել ազատված տարածքների վերականգնմանը»։

«Ներկա պահին տարածաշրջանում հարցերը լուծում են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, համաձա՞յն եք կարծիքին, որ ԱՄՆ-ն հայտնվել է խաղից դուրս վիճակում»։ Պատասխանելով հարցին` Ֆիլիպ Ռիկերն ասել է, որ պետքարտուղար Բլինկենն ու նախագահ Բայդենը շատ հստակ հասկացրել են, որ Վաշինգտոնը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը գտնելու գործընթացին։ ԱՄՆ-ն նաև մտադիր է այդ ջանքերը շարունակել համանախագահ մյուս երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։

Տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության ուժեղացման մասին նա ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, ու երկու երկրների համագործակցության հարցերը լինելու են Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման կենտրոնում։ «Մենք տարաձայնություններ ունենք, բայց մենք դրանք լուծում ենք դիվանագիտական ճանապարհով»,- նշել է Ֆիլիպ Ռիկերը։

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցում է Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Նա պատասխանել է Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի մենաշնորհ ունենալու հարցին։ Էնդրյու Շոֆերն ասել է, որ կրակը դադարեցնելու եռակողմ համաձայնագիրը ստորագրել են կողմերը, որոնք հրավիրել են ռուսական խաղաղապահներին։

«Մենք ողջունում ենք հրադադարը և կողմերին կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները։ Այդ փաստաթուղթը ենթադրում է խաղաղապահների հնգամյա ներկայություն։ Շատ կարևոր է, որ երկու կողմերն այդ ժամկետն օգտագործեն կայուն խաղաղություն հաստատելու համար»,- Բաքվում ասել է Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը, հավելելով, թե տվյալ գործընթացում հնարավոր է` ներգրավվեն այլ մասնակիցներ և ուժեր, բայց այդ մասին կարելի է խոսել հինգ տարի անց։

Ֆիլիպ Ռիկերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչների՝ Բաքվի մարդու իրավունքների ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովի, ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդարության ուսուցման կենտրոնի նախագահ Անար Մամեդլիի և «Քաղաքացի» միավորման նախագահ Գյունել Սաֆարովի հետ։

Ռասուլ Ջաֆարովը մամուլին փոխանցել է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, հավաքների ազատությունների, ազատ արտահայտվելու, քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության խնդիրները։ «Որպես առաջնահերթություն քննարկվել է քաղաքացիական հասարակության դերը հետկոնֆլիկտային շրջանում, համակեցության և խաղաղ գոյատևելու հնարավորությունները», - հայտնել է Ռասուլ Ջաֆարովը։

Ֆիլիպ Ռիկերն Իլհամ Ալիևի հետ երեքշաբբի կայացած հանդիպման մասին մամուլի ասուլիսում ասել է, որ քննարկվել են Միացյալ Նահանգների համար առաջնահերթություններ հանդիսացող թեմաներ՝ մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ, էներգետիկա, տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում։

Քաղաքագետ Ազեր Գասըմլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն, Մինսկի խումբը ցանկանում են փոխել տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, քանի որ ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանը տարածաշրջանում ինչ-որ իմաստով գերակա դիրք ունի։

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայան կա, Ադրբեջանի տարածքում ռուսական զորախումբ կա արդեն` խաղաղապահ ուժերի անվան տակ, և դա Ռուսաստանի համար պայմաններ է ստեղծում Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար։ Մինսկի խումը ներկա պահին չի գործում։ ԱՄՆ-ն այդ խմբի համանախագահներից մեկն է, և ցանկանում են փոխել ստեղծված ստատուս քվոն, կրկին ներգրավվել գործընթացում»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը։

XS
SM
MD
LG