Եվրոպական միության հունիսի 4-իորոշմամբ, Բելառուսի ինքնաթիռները չեն կարող մուտք գործել Եվրամիության օդային տարածք:
Եվրամիությունն արգելքը սահմանել է այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության ինքնաթիռին Բելառուսի տարածքում վայրէջք է պարտադրել և ձերբակալել է ուղևորների թվում գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգային:
Եվրոպական միության 27 անդամ-պետությունները պարտավորվում են իրենց տարածքներում մերժել բելառուսական որևէ օդանավի վայրէջք կամ օդային տարածք մուտք գործելու հայտ:
Բելառուսի ազգային փոխադրողը՝ «Բելավիա» ընկերությունը հայտնել է, որ ստացել է Մոսկվայի «Շերեմետևո» օդակայան շաբաթական հինգ չվերթ իրականացնելու թույլտվություն: Բացի այդ, «Բելավիան» կավելացնի շաբաթական չվերթները Ստամբուլ, Բաթումի և Թբիլիսի: