Հունիսի 5-ից բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը իրավունք չի ունենա թռիչքներ իրականացնել Եվրամիության երկրներ։ ԵՄ երկրների արտգործնախարարները այսօր պաշտոնապես հաստատել են սույն որոշումը, որն ուժի մեջ կմտնի արդեն կեսգիշերին, Բրյուսելից հաղորդում է «Ազատություն» Ռ/Կ-ի թղթակիցը։
Գործնականում արդեն ավելի քան մեկ շաբաթ Եվրամիության երկրները մերժել են «Բելավիա»-ին։ Նման կոշտ սահմանափակման պատճառը մայիսի 23-ին տեղի ունեցած միջադեպն է։ Եվրամիությունում գտնում են, որ Բելառուսի իշխանությունները կեղծ ահազանգով Մինսկում իջեցրել են Աթենք-Վիլնյուս թռիչքն իրականացնող Ryanair ավիաընկերության օդանավը՝ ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար։