Մատչելիության հղումներ

Ղարաբաղում արյունահեղությունը կանգ է առել Կրեմլի վճռորոշ դերակատարության շնորհիվ, շեշտում է Զախարովան


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ղարաբաղում արյունահեղությունը կանգ է առել Կրեմլի վճռորոշ դերակատարության շնորհիվ, և Մոսկվան, ի տարբերություն որոշ գործընկերների, պատասխանատու կերպով է մոտենում այս հարցին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում:

«Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը լինել այն միջնորդը, որը կկարողանա լիովին կարգավորել այս բարդագույն խնդիրը և այսօր պահպանել խաղաղություն», - հարցրել է լրագրողը:

Վերջնական կարգավորման մասին Զախարովան նախընտրել է չխոսել, փոխարենն ընդգծել է, որ գործ ունենք տևական ժամանակ շարունակվող հակամարտության հետ, որը պարբերաբար վերածվում էր ռազմական բախումների, իսկ անցած աշնանը հասել էր թեժ հակամարտության: «Բուն արյունահեղությունը, անշուշտ, հաջողվեց կանգնեցնել` շնորհիվ այն համաձայնությունների, որոնք մշակվել էին անցած նոյեմբերին», - ասել է արտգործնախարարության խոսնակը, ընդգծելով` դրանց ձեռքբերման գործում Ռուսաստանը ոչ թե պարզ մասնակցություն է ունեցել, այլ` վճռորոշ դերակատարություն, նախ և առաջ` ի դեմս նախագահ Պուտինի:

«Ինչ է նշանակում պատասխանատվություն. դա խնդրի խորքային իմացությունն է, երկրորդը` ոչ թե ուղղակի երկխոսությունը, այլ` վստահառատ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը երկու կողմի հետ` առանց վնասելու նրանցից որևէ մեկի շահերը, առանց կողմերին իրար դեմ հանելու կամ կռվեցնելու, ինչով կոնկրետ զբաղված են մեր արտասահմանցի գործընկերներից շատերը», - ասել է Զախարովան: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը չի հստակեցրել` ում մասին է խոսքը, բայց պնդել է` Հայաստանին ու Ադրբեջանին միմյանց դեմ հանելով՝ այդ երկրները պարզապես սեփական շահն են հետապնդում. - «Նրանք իրենց օգուտն են քաղում, գժտեցնում են այլոց, հետո իբր թե ինչ-որ հաշտարարի դեր ստանձնում: Մինչդեռ Ռուսաստանն իր քայլերն անում է ի շահ կարգավորման` հենց սա է պատասխանատու մոտեցումը»:

Զախարովան հայտնել է, թե ռուսական կողմը բանակցություններ ու խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի ու Հայաստանի հետ շուրջօրյա ռեժիմով: «Արտգործնախարարների, դիվանագիտական գերատեսչությունների ու դեսպանատների խողովակներով մենք փոխգործակցության մեջ ենք բառացիորեն ամեն օր: Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ Ռուսաստանի կողմից վիթխարի ջանքեր են ներդրվել այս իրավիճակի հանգուցալուծման համար թե՛ հակամարտության թեժ փուլում, երբ իսկապես կանգնեցվեց արյդւոնահեղությունը, թե՛ դրանից հետո», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ի դեպ, խոսելով Ռուսաստանի դերակատարության մասին` Զախարովան ընդգծել է, որ խոսքը ոչ միայն Մոսկվայի կողմից գործադրվող քաղաքական ու դիվանագիտական ջանքերի մասին է, կամ` Ռուսաստանի իշխանությունների անձնական ներդրման, այլև` Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների: «Նրանք ամեն օր իսկապես ջանքեր են գործադրում, իրենց հոգին, ունակությունները պրոֆեսիոնալիզմն ու հմտությունները ներդնում, որպեսզի իրավիճակն այնտեղ չվատթարանա, այլ` հակառակը, շտկվի», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, շեշտելով, որ դա նախադրյալներ կստեղծի, որպեսզի քաղաքական գործիչներն ու դիվանագետները կարողանան իրականացնել իրենց գործառույթները: «Այդ իսկ պատճառով, ռուս խաղաղապահների դերն այս դեպքում անհնար է գերագնահատել», - նշել է նա:

Անցած տարվա նոյեմբերին, երբ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի միջնորդությամբ հրադադար կնքեցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ողջունեցին եռակողմ հայտարարությունը, որի մեջ որևէ խոսք չկար կարգավիճակի, կամ` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի ու Հադրութի մասին: Փոխարենը փաստաթուղթը հստակ արձանագրում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղի շրջակա բոլոր շրջաններից, դրան զուգահեռ` Ղարաբաղում տեղակայվեն ռուս խաղաղապահներ: Չառարկելով այս պայմանավորվածություններին` Վաշինգտոնն ու Փարիզը միաժամանակ հորդորում են կողմերին օր առաջ վերսկսել բանակցությունները` հակամարտության վերջնական կարգավորումը գտնելու համար` Մինսկի խմբի հովանու ներքո: Ավելի քան վեց ամիս է, սակայն, այս հորդորները չեն ազդում Ադրբեջանի կոշտ դիրքորոշման վրա, որը պնդում է, թե ղարաբաղյան հակամարտություն որպես այդպիսին այլևս չկա:

Փաստացի, վերջին պատերազմից հետո բանակցությունները շարունակվում են միայն եռակողմ` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ձևաչափով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG