Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություն կանցկացնի. ըստ փորձագետների՝ դա համարժեք արձագանք չէ


ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում, արխիվ
ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում, արխիվ

Սահմանային լարվածության ֆոնին Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, կարծում են փորձագետները։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի անհրաժեշտ արձագանքը չէ։

«ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանի Հանրապետությանը ի պատասխան, երբ որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է, ի պատասխան՝ զորավարժություններ անցկացնել կարծես թե և դրանով լուծել այն մեծ հարցը, որը անընդհատ հնչեցվում է, թե ինչու ՀԱՊԿ-ը ըստ արժանվույն չի պատասխանում Հայաստանի Հանրապետությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Մեծ հաշվով, կարելի է ասել, որ այս զորավարժությունները այսպես թե այնպես կարող էին տեղի ունենալ Հայաստանում, եթե անգամ չլինեին այդ հայտնի իրադարձությունները: Ճիշտն ասած, չեմ ուզում դրանք բերել կապել մեր այդ խնդիրների հետ, բայց, այնուամենայնիվ, չկապելն էլ անմտություն եմ համարում, որովհետև վերջիվերջո, վերջին շրջանում հատկապես սա միակ, էսպես, գործողություններն են կամ միակ համագործակցությունն է ռազմական, որը որ բացահայտ երևում է և ցույց են տալիս։ Բայց նորից եմ ես մնում իմ այն կարծիքին, որ մենք չենք դիմել նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զորավարժություն անցկացնեին, այլ մենք դիմել էինք կոնկրետ հայտարարության կամ գործողության համար»:

Ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալությունը, հղում անելով ՀԱՊԿ մամուլի քարտուղարին, երեկ հաղորդեց, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքը կանցկացվի Հայաստանում: «Զորավարժությունների ընթացքում երկու փուլով գործնական գործողություններ կմշակվեն զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ», - ասել է նա, տեղեկացնելով նաև, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքները նախապատրաստելու համար, որոնք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում են նախատեսում:

Թե հատկապես որտեղ են իրականացվելու զորավարժությունները, ինչ զորքեր են մասնակցելու, Պաշտպանության նախարարությունից չհաջողվեց պարզել։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Ադրբեջանական զորքը ավելի քան երեք շաբաթ է Հայաստանի տարածքում է։ Մի քանի ուղղություններով դիրքավորվել են, կիլոմետրերով խորացել և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը դիմել էր ՀԱՊԿ-ին, հստակ դիրքորոշում, առավել ևս՝ գործողություն, այդուհանդերձ, մինչ օր այդպես էլ չի եղել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ եթե այս զորավարժություններն ի պատասխան Հայաստանի դիմումի դիտարկվեն, ապա այն բավարար լուրջ քայլ չէ։

«Լարվածության աստիճանի, բնույթի հետ համեմատությամբ՝ սա բացարձակ համարժեք արձագանք չէ, որովհետև մենք գործ ունենք փաստացի ՀԱՊԿ անդամ պետության, այսինքն՝ նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմանախախտման հետ, և այդ սահմանախախտումը, մեղմ ասած, վերացված չէ, այլ երկրի զինված ուժեր կանգնած են այդ սահմանին, և այս պարագայում ՀԱՊԿ-ից, անկասկած, ավելի լուրջ և առարկայական, գոնե քաղաքական մակարդակի արձագանք էր պահանջվում», - շեշտեց Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG