Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ից արձագանքել են Փաշինյանի քննադատություններին


ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցական աշխատանքները շարունակվում են, РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է խոսնակը:

Նա հիշեցրել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պահանջում է անհապաղ միջոցառումներ, «առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաևՀայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծում»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, և որ չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ էր. «ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել», - ասել է նա:

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG