Մատչելիության հղումներ

Նախարարը հավաստիացնում է` ռազմարդյունաբերության ոլորտում էական փոփոխություններ են սպասվում


Ռազմարդյունաբերական համալիրի ներգրավվածությամբ առաջիկայում էական փոփոխություններ տեղի կունենան Հայաստանի ռազմական ներուժում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։ Պաշտոնյան ընդգծեց՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո վերանայվեցին շատ մոտեցումներ, որոնցից մեկը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է։

«Մեր ներքին ռեսուրսները պետք է բավարար լինեն մեզ համար կրիտիկական ծավալներ ստեղծելու համար։ Կարող եմ հստակ ասել Ձեզ, որ այսօր մենք էական փոփոխություններ ենք կատարում այս փոխհարաբերությունների առումով, արդեն արձանագրված են հաջողություններ, իրականացվում են կոնկրետ ծրագրեր, նմանատիպ ծրագրեր նույնիսկ այս ընթացքում երբևէ չեն իրականացվել։ Ես համոզված եմ, որ ամիսներ հետո մենք փոփոխություն կունենանք այս համակարգում: Արդեն առաջին փոփոխությունները կունենանք, էական փոփոխությունները կունենանք Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի Հայաստանի սահմանի պաշտպանության մասնակցության համակարգում», - ասում է նախարարը։

«Փոփոխությունները, ինձ թվում է, ավելի շատ նրանում են, որ մենք շատ բան նաև գիտակցեցինք, հասկացանք ավելի խորը, քան առաջ: Մենք ունենք մասշտաբի խնդիր Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում», - ասում է ԱՏՁՄ նախագահը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը ընդգծում է՝ նախորդ տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկել, այլ տասնապատկել ուժերը՝ նպաստելու ռազմարդյունաբերության զարգացմանը. «Պետք է ծավալները կամ ընկերություններին համախմբել մի քիչ ավելի մասշտաբային մտածելակերպով, որպեսզի կարողանանք թե՛ քանակները, թե՛ արտադրությունը դնել, այնպիսի ծավալների հասցնել, որ կարողանանք մեր ստեղծածը տասնապատկենք, հարյուրապատկենք։ Այսինքն՝ այն տեխնոլոգիաները, որոնք այսսօր այդ ընկերությունները ստեղծել են, կարողանանք մասշտաբով արտադրություն սկսել մեծ քանակի, ինչը կարող է շատ բան փոփոխել, իհարկե։

Ռազմարդյունաբերության մեջ մասշտաբը շատ կարևոր է, կարևոր է թե՛ ներքին շուկայի համար, թե՛ արտաքին շուկայի համար, այսինքն` եթե դու մասշտաբ չունես, չես կարող մրցակցել , ասենք, իսրայելական ընկերությունների հետ»:

Եսայանն ընդգծում է՝ ոլորտի զարգացման համար նախ պետք է պետության դերը մեծացնել. «Հուսով եմ, որ պետությունն իր դերը նույնպես կունենա, ոչ միայն ընկերությունները, այլ նաև պետությունը կհասկանա, որ այն ծախսերը կամ այն մոտեցումները, որ կային, էլի պետք է ոչ թե կրկնապատկել, այլ տասնապատկել, որովհետև նման քայլերով մենք մեծ հաջողությունների չենք հասնի»։

Ռազմարդյունաբերության նկատմամբ մասնավոր ընկերությունների հետաքրքրությունը մեծացավ հատկապես 2016-ի քառօրյա պատերազմից հետո։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ 2016-ից սկսել է զբաղվել նաև DAVARO ընկերությունը։ Այժմ մի քանի ընկերություններ միավորվել են և մշակում են տարբեր նշանակության անօդաչու համակարգեր՝ ռազմական, գյուղատնտեսական և այլ նշանակության։

DAVARO ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը մանրամասնում է. «Մենք նոր պրոյեկտների վրա ենք աշխատում հիմա, որ ավելի մեծ շուկաների վրա կարելի է դուրս գալ, համաշխարհային շուկաների։ Զուգահեռ էլի պրոյեկտներ ունենք, որ նոր ենք սկսել, դրանց վրա աշխատանքներ են տարվում։

Պատերազմից հետո բավականին դաշտը կոնսոլիդացվել է, ռազմարդյունաբերությամբ զբաղվող ու այլ համալրող համակարգերի մշակմամբ զբաղվող ընկերությունները, ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունները միացել են իրար, ուժերը գումարվում են, ու բավական լավ արդյունք է սպասվում»։

XS
SM
MD
LG