Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունները՝ սահմանային իրադրության հանգուցալուծման վերաբերյալ ընդունելի են. Փաշինյան


Մեզ համար Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները սահմանային իրադրության հանգուցալուծման վերաբերյալ ընդունելի են, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ համար Ռուսաստանի առաջարկությունները սահմանային իրադրության հանգուցալուծման վերաբերյալ ընդունելի են: Մենք կարծում ենք, այդ առաջրկները ընդունելի են և կոնրկետ առաջարկներ ենք տվել՝ ինչպես գործնականում իրականացնել այդ առաջարկությունները։ Մեզ համար ընդունելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները։ Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է և այդ առաջարկությունների վերաբերյալ կա կոնսենսուս: Հարցը վերաբերում է նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահները առաջարկում են, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զորքերը հայելային դուրս բերվեն սահմանային գծից և բերվեն մշտական տեղակայման վայրեր, որից հետո միջազգային հովանու ներքո սկսվի Հայաստանի սահմանների սահմանագծման աշխատանքը», - նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները մայիսի 28-ին հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար»:

Արդեն Սպիտակում էլ Փաշինյանն ընդգծեց «սահմանային հետագա էսկալացիա թույլ չենք տալու»՝ հավելելով, - «մենք ամեն վայրկյան պատրաստ ենք հայելային եղանակով զորքերը հետ քաշել և միջազգային հովանու ներքո սկսել սահմանների սահմանագծման աշխատանքը»:

«Որևէ մեկը թող չվախենա դեմարկացիա և դելիմիտացիա բառերից: Ամեն անկախ պետություն այս խնդրի հետ բախվում է, և մենք, այո, պետք է գնանք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, որովհետև 21-րդ դարում դա նշանակում է սեփական երկրի ժողովրդին անձեռնմխելի պարիսպ քաշել», - ընդգծեց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հորդորեց նաև չվախենալ կոմունիկացիաների բացումից. «Այնպես, ինչպես, օրինակ, այսօր երկաթուղին գնացքը հատում է հայ-վրացական սահմանը, այնպես էլ երկաթուղին կարող է հատել հայ-ադրբեջանական սահմանը»:

Երեկ ԱՊՀ վարչապետերի նիստում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ Բաքուն ևս համաձայն է Ռուսաստանի առաջարկին` Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ սահմանագծման հարցը լուծել կառուցողական ճանապարհով», - հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը՝ հավելելով, - «Սահմանագծումը և սահմանազատումը տեխնիկական գործընթաց է, որը պետք է լուրջ միջազգային-իրավական հենք ունենա»:

XS
SM
MD
LG