Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` արձագանքելով Ադրբեջանի վարչապետի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ ԱՊՀ վարչապետերի նիստում հայտարարել է, որ Բաքուն համաձայն է Ռուսաստանի առաջարկին` Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին:
«Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։ Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս համատեքստում ընդգծել ենք նաեւ մեր գերեվարված զինվորականների վերադարձը։ Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ», - մասնավորապես ասել է Մհեր Գրիգորյանը։