Վաշինգտոնը ցանկանում է առաջիկայում է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջորջ Քենթը` Հանրապետության օրվա առթիվ Բաքվում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը գոհունակություն է հայտնել էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության կապակցությամբ, և նշել, որ Հարավային գազային միջանցքը և մյուս նախագծերը կարևոր նշանակություն ունեն Եվրոպայի անվտանգության համար:
Խոսելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին` փոխպետքարտուղարն ընդգծել է` ԱՄՆ-ը պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի համագործակցությանը, խաղաղությանը և բարգավաճմանը` թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Նույն օրը հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը` մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության, այդ թվում` վեց հայ զինծառայողների ձերբակալության կապակցությամբ:
«Մենք կոչ ենք անում երկու կողմին անհապաղ և խաղաղ ճանապարհով կարգավորել այս միջադեպը», - հայտարարել էր ԱՄՆ դեսպանատունը` հորդորելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալված անձանց:
«Մենք հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենքով ստանձնած իր պարտավորությունները` ազատազրկվածների հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու մասին», - հայտարարել էր ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը: