Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է, հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում», - ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե գիշերը հայկական կողմը խախտել է հրադադարը Նախիջևանի ուղղությամբ, վիրավորվել է մեկ զինծառայող: Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինուժը պատասխան կրակ է բացել: