Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզպետի խոսքով՝ «լարվածություն կա», պետք է «խնդիրը ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով լուծվի»


Իրավիճակը Գեղարքունիքի սահմանային հատվածներում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ, կա լարվածություն, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մայիսի 13-ից Կութ և նաև Վերին Շորժա բնակավայրի հարակից հատվածում ունենք ադրբեջանական բանակի ներկայացուցիչներ, որը մեր սուվերեն տարածքն է և ակնհայտ է, որ նրանք խախտել են մեր սահմանը։ Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել», - ասաց Սանոսյանը։

Վերահաստատելով, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, հայկական կողմը «դիվանագիտական ճիշտ աշխատանք է կատարում»՝ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար, այդուհանդերձ մարզպետն ընդգծեց․ - «Ցավոք սրտի, մինչև այս պահը կարող ենք փաստել, որ արդյունք չի տվել՝ հաշվի առնելով, որ նրանք դեռևս գտնվում են մեր սուվերեն տարածքում։ Համամիտ եմ, որ գնալով իրավիճակը կարող է ավելի լարվել, մարդիկ են, նյարդեր են, զինվորներ են, անընդհատ կարող են միջադեպեր տեղի ունենալ, որոնք կարող են նաև անկանխատեսելի հետևանանքների բերել, դրա համար մեր կոչը հետևյալն է, որ ժամ առաջ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծվի»։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր վաղ առավոտից գործուղվել է Մոսկվա։ Նրա այցը Մոսկվա, ըստ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության շրջանակում է։

XS
SM
MD
LG