Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Հայաստանի զինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ Հայաստանի զինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանի զինված ուժերին մեղադրելով մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի զինված ուժերի,մասնավորապես Քելբաջարի և Գեդաբեկի շրջաններում տեղակայված մարտական դիրքերը գնդակոծելու համար։

Հայաստանի ռազմական գերտեսչությունը Բաքվի հայտարարությունը «վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանիսպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձ» է որակում։

«Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև Արցախում, Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել», - հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով՝ ՀՀ զինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել Հայաստանի տարածքը, «հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում՝ նաև ուժի կիրառման տարբերակով»։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները չեն հեռանում, նրանք փաստացի ամրացել են մի քանի կիլոմետր խորության վրա։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Երեկ էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում զոհվել է կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։ Ադրբեջանի պնդում է, որ առնչություն չունի հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ։

XS
SM
MD
LG