Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ մայիսի 24-ից 26-ը Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական ստորաբաժանումները հրազենից կրակ են արձակել Քելբաջարի և Գեդաբեկի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ միջադեպ է արձանագրվել նաև Շուշիի մերձակայքում։
Այստեղ, ըստ գերատեսչության, «հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակահերթեր է արձակել օդ»։
Պաշտոնական Բաքուն նաև պնդում է, որ միջադեպերի ընթացքում ադրբեջանցի զինվորականները պատասխան կրակ չեն արձակել, տուժածներ չկան։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մայիսի 12-ից առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները չեն հեռանում, նրանք փաստացի ամրացել են մի քանի կիլոմետր խորության վրա։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Երեկ էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում զոհվել է կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։ Ադրբեջանի պնդում է, որ առնչություն չունի հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ։