Մատչելիության հղումներ

Եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրությունները, լինելու են հետընտրական գործընթացներ. Քոչարյան


Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններին ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին ակտիվ քարոզչություն սկսած «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ իրավիճակը շտկելու համար նախ չպետք է տպավորություն թողնես, որ քեզ հետ կարելի է այդպես վարվել։ Երկրորդ պաշտոնաթող նախագահը սակայն չհայտնեց, թե մասնավորապես ի՞նչ քայլերով Հայաստանը պետք է ցույց տա, որ նման ճնշումների չի ենթարկվելու։

«Քանի դեռ իրենք սպասելիքներ ունենք Հայաստանի Հանրապետությունից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, լրացուցիչ ճնշում գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար: Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու», - ասաց Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասում է՝ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների հարցը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանի միջնորդությամբ, հիշեցնենք՝ մինչ օր գործող կառավարությունը ևս նույնն է հայտարարում. «Առաջին հերթին պետք է բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծել, բայց կրկնում եմ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ խնդիր է ստեղծվելու սահմանի մեկ այլ հատվածում»:

Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի առնչությամբ, երբ հարյուրավոր ադրբեջանցիներ հատել են պետական սահմանը և չեն հեռանում, գործող կառավարությունը դիմել է ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ-ի օգնությանը, որը մինչ օրս չի դատապարտել տեղի ունեցածը։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ին դիմելը ճիշտ չէր, թեև Քոչարյանը չի խոսում նաև Արևմուտքից հնչեցված աջակցության առաջարկներն ընդունելու մասին, ինչպես նաև բացառում է հարցը լուծելու ռազմական ուղին, նշելով, որ «դա ոչ ճիշտ է, ոչ էլ երկիրն է այն վիճակում»։

«Մի քիչ նման է, երբ որ փողոցում ինչ-որ մի քիչ մեծոտ տղան ինչ-որ փոքր երեխային մի հատ ապտակում է, ու վազելով գնում է պապայի մոտ, ասում՝ պապա մի բան արա, նեղում են: Պետությո՞ւն ենք, թե՞ ոչ, արժանապատվություն, ինքնասիրություն մենք ունե՞նք, թե՞ ոչ: Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում, դու մտածում ես, որ քո տեղը գալու է մեկ ուրիշն այս հացը լուծի՞, ուղղակի մենք աբսուրդի ժանրից ենք խոսում: Ես կածում եմ և ՀԱՊԿ-ի պատմության մեջ համոզված եմ, որ նման բաներ չեն եղել ուղղակի, նման դրսևորումներ», - պատասխանեց Քոչարյանը:

Դաշնակցությունը ու նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը միավորող դաշինքի առաջնորդը դժվարացավ պատասխանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվելիք հնարավոր փաստաթղթի մասին հարցին։ Օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել դեմիլիտացիայի գործընթաց սկսելուն վերաբերող փաստաթուղթ, քանի որ դա, նրա խոսքով, բխում է Հայաստանի շահերից։

«Մենք չգիտենք, թե ինչ կարգի փոփոխությունների է ենթարկվելու, ընդհանրապես ստորագրվելու է, թե չի ստորագրվելու: Չեմ ուզում հիմա քննարկել կամ դետալների մեջ մտնել մի նախագծի մեջ, որը դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել», - նշեց Քոչարյանը:

Այնուամենայնիվ, դելիմիտացիայի գործընթացից պետք չէ չափից ավելի վախենալ, հայտարարում է պաշտոնաթող նախագահ: Նման տեսակետեր են հնչում նաև իշխող «Իմ քայլը» դաշինքից։ Սակայն վտանգներ ևս կան, նկատում է Քոչարյանը. «Այս պահին դելիմիտացիան որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում: Կարծում եմ՝ այն շտապությունը, որը ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է այս հարցի հետ, Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման վրա ազդեցություն է ունենալու դելիմիտացիան: Ընդհանրապես դելիմիտացիայից, կարծում եմ, պետք չէ չափից շատ ավելի վախենալ, ուղղակի այս պահին դա բավական պրոբլեմային հարց է»:

Ընտրվելու պարագայում Արցախի հարցում բեկում մցնելու մասին խոստումներից խուսափող և միայն «բանակցությունների միջոցով Արցախի ինքնորոշման հարցը օրակարգ վերադարձնելու փորձեր խոստացող» ընդդիմադիր առաջնորդը ավելի ակտիվ է ներքաղաքական օրակարգին վերաբերող խոստումներ հնչեցնելիս։

Իր տասնամյա պաշտոնավարումը 2008-ի ընտրություններին հաջորդած արյունալի Մարտի 1-ով եզրափակած նախկին նախագահը խոստանում է հետընտրական զարգացումների, եթե իշխանությունները կեղծեն ընտրությունները։

«Եթե իշխանությունը փորձի կիրառել անհամաչափ վարչական ռեսուրս, եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ: Ուրեմն այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն», - հայտարարեց Քոչարյանը:

Այնուամենայնիվ, Հայաստանը 1998-2008 թվականները ղեկավարած նախկին նախագահի կարծիքով՝ ընտրությունները կեղծելու համար ռեսուրսներ են հարկավոր, ինչն իշխող «Իմ քայլը» չունի. «Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»:

«Հայաստան» դաշինքում համոզված են, որ հնարավորություն ունեն առաջիկա ընտրություններում հաղթելու, թեև դաշինքի առաջնորդն ասում է՝ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած կուսակցությունը դեռ ունեն մոտ 30 տոկոսոի վարկանիշ, սակյան Քոչարյանի խոսքով, իրենք «մաշեցնելու են այդ վարկանիշը մինչև քոքը»։

«Ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանների հետ համագործակցել և որը կարող է անցնել խորհրդարան, այսօրվա վիճակով ենք մենք խոսում: Հետևաբար, բավական հստակ է իրավիճակը, որ նույնիսկ, եթե այդ 30 տոկոսը չհաջողվի մաշեցնել մինչև 15-20 տոկոս, այդ քաղաքական ուժն ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն: Ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոք», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG