Լոռու մարզի Ուռուտ գյուղում չգիտեն՝ առաջիկա արտահերթ ընտրությունները Հայաստանում կբարելավեն իրավիճակը, թե ոչ, բայց համոզված ասում են՝ կմասնակցեն քվեարկությանը, իրենց ասելիքը կասեն ընտրատեղամասերում։
Մոտ 1000 բնակիչ ունեցող Ուռուտը Ստեփանավանից 7 կմ է հեռու։ Լոռի Բերդ համայնքի հետ խոշորացած բնակավայրում տասնամյակներ շարունակ մոտ 900 հա վարելահողերի ընդամենը 5 տոկոսն է մշակվել։ Վարչական ղեկավար Սերգո Ջուլակյանն «Ազատությանն» ասաց, երկու տարի առաջ գյուղին կից հակակարկտային կայաններ են տեղադրել, դրանից հետո են բնակիչներն սկսել աշխատել հողում։ Մշակվող հողերի քանակը 20-25 տոկոսի են հասցրել։ Գյուղացիներն ասում են՝ էլի կավելացնեն, միայն թե շունչները պահած սպասում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Հանկարծ նոր պատերազմ չսկսվի։ 44-օրյա պատերազմին երկու զոհ տված գյուղում դեռ ցավը չեն մեղմել։
Ուռուտում ոմանք որոշել են՝ գործող իշխանություններին երկրում բարեփոխումներ իրականացնելու երկրորդ հնարավորությունը կտան, ուրիշները ասում են, որ իշխող կուսակցությունից հիասթափված են, բայց նշում, թե մյուսներն էլ իրենց սրտով չեն։ Շատերը հրաժարվում են անուններ նշել՝ ում են պատրաստվում ձայն տալ։
«Վստահելի կուսակցություն ունենք, բայց գաղտնիք է, հույս ունենք՝ լավ կլինի, երրորդ ուժ լիներ ավելի լավ, նոր թարմ ուժ ա պետք էս երկրին, ներկան էլ մի քիչ ավելի ուժեղ լինի, ավելի լավ կլինի, թավիշին շատ տրվեցին», - ասաց բնակիչներից մեկը:
Ուռուտցի Անին ասում է՝ կգնա ընտրություններին՝ առանց արդեն հայտնի թեկնածուներից որևէ մեկին հավատալու. «Անունը չեմ տալու, բայց ինքս ինձ համար որոշել եմ՝ ում կընտրեմ, չնայած այն փաստին, որ ըստ ինձ, ոչ ոք էլ արժանի չի այդ ձայնին, բայց դե: Եթե սա չխոսա, նա չխոսա, ոչ մեկ խոսա, բոլորն էլ անելու են էն, ինչ իրանք են ուզում»:
Դեռևս անորոշ քաղաքական կարծիք ունեցող ուռուտցիները վստահ են՝ իրենց կամքին հակառակ քվեարկություն չեն անի, ձայնի դիմաց գումար առաջարկողներն էլ վաղուց անցյալ են իրենց համար։