Մատչելիության հղումներ

Արևմուտքը խստորեն դատապարտում է օդանավի հարկադիր վայրէջքը Մինսկում, առաջարկվում է արգելել օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ


Արևմուտքը խստորեն դատապարտում է Ryanair ավիաընկերությանը պատկանող օդանավի հարկադիր վայրէջքը Մինսկում։ Օդանավի ուղևորներից էր բելառուս ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը, որը վայրէջքից րոպեներ անց ձերբակալվել է։

Եվրոպական մի շարք երկրներ ի պատասխան առաջարկում են արգելել օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ AirBaltic-ն արդեն չեղարկել է այդ երկրի օդային տարածքով թռիչքները։

Լրատվամիջոցները հաղորդում են Լուկաշենկոյի վարչակազմի դեմ սպասվող պատժամիջոցների մասին։

Միջազգային սկանդալ հարուցած միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը։ Ryanair ընկերությանը պատկանող օդանավը, որը Աթենքից թռչում էր Վիլնյուս, Բելառուսի և Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք կատարել Մինսկում, որտեղից ահազանգել էին օդանավում ռումբի առկայության մասին, ինչը ստուգումներից հետո հերքվել է։ Օդանավի անձնակազմը չվերթի փոփոխության որոշման վերաբերյալ ուղևորներին որևէ բացատրություն չի ներկայացրել։

Մինսկում 7 ժամ տևած ստուգումներից հետ օդանավը շարունակել է չվերթը դեպի Վիլնյուս՝ առանց 6 ուղևորի․ 4-ի մասին տեղեկություններ չկան, հայտնի են 2 ձերբակալվածների ինքնությունը՝ լրագրող Պրոտասևիչը և նրա ընկերուհին։

Հայրենիքում հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Պրոտասևիչի անունը բելառուսական իշխանությունների կազմած «ահաբեկիչների ցուցակում» է, նրա նկատմամբ մի քանի ծանր հոդվածներով քրեական գործ է հարուցված, որից միայն մեկը 15 տարի ազատազրկում է նախատեսում։

Անկանխատեսելի և ավտորիտար կառավարմամբ հայտնի Բելառուսի անփոփոխ առաջնորդը, որը շարունակում է կառչած մնալ իշխանությանը, չնայած երկրում ամիսներ շարունակվող հակակառավարական ցույցերին, հերթական աղմկահարույց քայլով է՛լ ավելի խորացրեց Արևմուտքի հետ հարաբերությունները, որն ամիսներ առաջ էր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի և անձամբ իր դեմ։

Ընդդիմախոսները պնդում են, որ բելառուսական իշխանությունները վտանգել են քաղաքացիական ավիացիան և օդանավի ուղևորների կյանքը, որպեսզի հաշվեհարդար տեսնեն բելառուսական մի շարք անկախ լրատվական հարթակների խմբագրի նկատմամբ, ով ամիսներ շարունակ ակտիվորեն լուսաբանել է երկրում տեղի ունեցող Լուկաշենկոյի դեմ ցույցերը, որոնց ընթացքում շուրջ 32 հազար ցուցարար է ձերբակալվել, առնվազն 4-ը՝ սպանվել։

Nexta Տելեգրամ ալիքը, որի հիմնադիրներից է Պրոտասևիչը, ցույցերի ընթացքում դարձել է հավաքների հիմնական համակարգողն ու լուսաբանողը։

«Դատելով տեղի ունեցածից՝ իշխանությունների նպատակն էր օդանավից հանել լրագրողին և նրա ընկերուհուն։ Մենք կարծում ենք, որ օդանավում նաև ԿԳԲ-ի մի խումբ գործակալներ կային»,- իռլանդական ռադիոյի հետ զրույցում հայտարարել է Ryanair ընկերության ղեկավար Մայքլ Օլարին՝ հավելելով, որ բելառուսական իշխանությունների կողմից իր ընկերության օդանավի առևանգումը պետական օդահենության ակտ է, մինչդեռ բելառուսական պետական լրատվամիջոցները պնդում են, որ օդաչուները իրենք են խնդրել թույլատրել վայրէջքը Մինսկի օդանավակայանում։

Օդանավի հարկադիր վայրէջքը կոշտ արձագանքներ է հարուցել Արևմուտքում․ տասնյակ երկրներ փորձում են հասնել Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ ցավոտ պատժամիջոցների սահմանման, ինչի մասին արդեն հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լրագրողին ձերբակալելու նպատակով կազմակերպված օդանավի հարկադիր վայրէջքը որակել է «ցնցող ակտ»՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Պրոտասևիչին։

Լեհաստանի վարչապետ Մատուշ Մորավեցկին բելառուսական իշխանությունների գործողություններն անվանել է պետական ահաբեկչության ակտ։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել՝ պատժել օդանավի հարկադրաբար վայրէջքի մեղավորերին։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ՆԱՏՕ-ի և Եվրամիության դաշնակիցներին հորդորել է անհապաղ արձագանքել վտանգին, որը «բելառուսական ռեժիմը ներկայացնում է միջազգային քաղաքացիական ավիացիայի համար»։

Լիտվայի իրավապահներն, ի դեպ, արդեն քրեական գործ են հարուցել ՝ ահաբեկչական նպատակներով օդանավի առևանգման փաստով։ Լիտվայի կառավարությունը հայտարարել է նաև, թե մտադիր է հասնել Բելառուսի օդային տարածքը միջազգային չվերթների համար փակելուն։

Տեղի ունեցածին արձագանքել է նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը՝ հայտարարելով, որ միջադեպը լուրջ է և պահանջում է միջազգային հետաքննություն։

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը որևէ տեղեկություն չունի կատարվածի մասին, թեև, ինչպես նկատում են փորձագետները, բելառուսական ՀՕՊ-ը սերտորեն ինտեգրված է ռուսաստանյան համակարգին։

«Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ Բրյուսելում այսօր մեկնարկող Եվրամիության գագաթնաժողովի օրակարգում է նաև Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը՝ բացի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ սահմանափակումներից, քննարկվում է նաև Եվրամիության ավիաընկերությունների՝ Բելառուսի օդային տարածքով բոլոր չվերթների չեղարկումը և «Բելավիա» ավիաընկերության արգելքը եվրոպական օդանավակայաններում։ Բացի այդ, աղբյուրի փոխանցմամբ, կարող է դադարեցվել նաև տարանցիկ թռիչքները, ցամաքային փոխադրումները։

Լատվիական airBaltic-ն արդեն չեղարկել է թռիչքները բելառուսական օդային տարածքով, հունգարական Wizz Air-ը նույնպես խուսափում է այդ երթուղուց և, ինչպես հայտարարել է ավիաընկերության ղեկավարությունը, դեռ կշարունակի հետևել իրավիճակին։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ-ի քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ նշելով, որ քաղաքացիական օդանավի հարկադիր վայրէջքը, հնարավոր է միջազգային՝ Չիկագոյի կոնվենցիայի խախտում է։

XS
SM
MD
LG