Մինսկում ձերբակալվել է Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:
Բելառուսական իշխանությունների կողմից ծայրահեղական կազմակերպություն ճանաչված լրատվամիջոցի նախկին ղեկավարը բերման է ենթարկվել օդանավից, որը Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել՝ «ականապատման» ահազանգից հետո։
Ryanair ընկերությանը պատկանող օդանավը Աթենքից թռչում էր Վիլնյուս։ Հաղորդվում է, որ Բելառուսի և Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ օդանավը կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք իրականացրել Մինսկի օդանավակայանում։
Օդանավի անձնակազմը չվերթի փոփոխության որոշման վերաբերյալ ուղևորներին որևէ բացատրություն չի ներկայացրել։ Ryanair ավիաընկերությունը հայտարարել է, որ օդանավին սպառնացող վտանգի մասին տեղեկացել է բելառուսական դիսպետչերական ծառայությունից, սակայն օդանավի ստուգումների արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։
Միջադեպին արձագանքել է պաշտոնական Բրյուսելը` հայտարարելով, թե ուշադիր հետևում է զարգացումներին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախազգուշացրել է՝ միջազգային ավիափոխադրումների ցանկացած խախտում հետևանք կունենա։
Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով ցույցերն ակտիվ լուսաբանած Ռոման Պրոտասևիչի նկատմամբ ամիսներ առաջ հայրենիքում հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է անկարգություններ հրահրելու և հասարակական կարգը խախտելու հոդվածներով։ Պրոտասևիչի անունը ներառվել է բելառուսական իշխանությունների կազմած «ահաբեկիչների ցուցակում», որը պաշտոնապես կոչվում է «Ահաբեկչական գործունեությանը մասնակից անձանց և կազմակերպությունների ցուցակ»: