Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պահանջել են անհապաղ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության անդամ երկրների ժողով գումարել այն բանից հետո, երբ իռլանդական Ryanair ընկերության օդանավը ստիպված վայրէջք կատարեց Մինսկում:
Օդանավում էր բելառուսական իշխանությունների կողմից ծայրահեղական կազմակերպություն ճանաչված Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը, ով օդանավի վայրէջիքց անմիջապես հետո բերման ենթարկվեց:
ԱՄՆ պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Պրոտասևիչին ձերբակալած Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունների կապակցությամբ:
«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է ԵՄ անդամ երկու երկրների միջև ինքնաթիռի ուղղության փոփոխումը և դրան հաջորդած լրագրող Ռոման Պրոտասևիչի հեռացումը ինքնաթիռից և ձերբակալումը Մինսկում: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի կիրակի օրը տարածած հայտարարությունում․ - «Այս ցնցող արարքը, որը կատարվել է Լուկաշենկայի ռեժիմի կողմից, վտանգեց ավելի քան 120 ուղևորների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների կյանքը»։
Նշենք, որ օդանավը Աթենքից թռչում էր Վիլնյուս։ Բելառուսի և Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ օդանավը կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք իրականացրել Մինսկի օդանավակայանում՝ «ականապատման» ահազանգից հետո։
«Հաշվի առնելով այն նշանները, որ հարկադիր վայրէջքն հիմնավորված էր կեղծ պատրվակներով, մենք կողմ ենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի շուտափույթ գումարմանը այս իրադարձությունները դիտարկելու համար», - հայտարարել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը: