Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային հարցում կա ընդհանուր համաձայնություն


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ իր երկրի և գերտերությունների միջև արդեն կա համաձայնություն 2015 թվականի միջուկային պայմանագիրը վերականգնելու շուրջ: Նա նշել է, որ դեռ կան մի շարք չլուծված բարդ խնդիրներ, սակայն ընդհանուր հաշվով համաձայնությունն ուրվագծվում է:

Եթե բանակցությունները պսակվեն հաջողությամբ՝ Իրանը կվերադառնա պայմանագրով ստանձնած պարտավորություններին, իսկ միջազգային համայնքն աստիճանաբար կչեղարկի պատժամիջոցները: Այդ փաստաթուղթը կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում: Միջազգային համայնքը ներկայացել է 5+1 ձևաչափով, որի կազմում են եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Միացյալ Նահանգնեը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, գումարած Եվրամիության ծանրքաշային Գերմանիան:

Պայմանագրով, որի պաշտոնական անվանումն է «Գործողության համատեղ համապարփակ ծրագիր», Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային աշխատանքներն, ինչին ի պատասխան միջազգային համայնքը պետք է հրաժարվի պատժամիջոցներից: Դա Իրանին կընձեռի նավթի արտահանումն ավելացնելու, դրսում բանկերի ազատ աշխատանք երաշխավորելու, միջազգային առևտուրն ակտիվացնելու, հետևաբար, տնտեսությունը զարգացնելու և սոցիալական ծանր վիճակն էապես բարելավելու հնարավորություն:

Մինչդեռ, հանրապետական Դոնալդ Թրամփը դեռ նախագահ ընտրվելուց առաջ է քննադատել 2015-ի պայմանագիրը և 2018 թվականի մայիսին հաղորդել է դրանից Վաշինգտոնի դուրս գալու մասին, ասելով, որ դա պատմության ընթացքում Ամերիկայի երբևէ կնքած ամենավտանգավոր, անխոհեմ և վատ փաստաթուղթն է:

Ստանձնելով նախագահությունը, դեմոկրատական Ջո Բայդենը նկատել է տվել, որ նպատակահարմար է ինչ-որ ձևաչափով վերականգնել միջուկային գործարքը: Այս տարվա ապրիլից բանագնացները քննարկել են դրա հնարավորությունն, ընդ որում՝ Վիեննայում ամերիկա-իրանական հանդիպումներ չեն եղել՝ կողմերը գերադասել են միջնորդված բանակցել:

Վերջին շաբաթների ընթացքում Վիեննայից լուրեր են ստացվել այն մասին, որ բանակցություններում առաջխաղացում է նկատվում: Եվ ահա երեկ նախագահ Հասան Ռոհանին Իրանի նավթարդյունաբերության նախարարությունում ասել է, որ Վիեննայում ընթացող քննարկումներում կարևոր նվաճում է արձանագրվել: Իսկ չորեքշաբթի օրն էլ Իրանի ավագ բանագնաց, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին ասել է, որ «համաձայնագրի շրջանակն ու կառուցվածքն արդեն կազմվել է»:

Իրանի միջուկային թեման արծարծվել է նաև միջուկային երկու գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մայիսի 19-ին Ռեյկյավիկում տեղի ունեցած առաջին հանդիպման ընթացքում:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ և մի շարք այլ բնագավառներում Մոսկվան և Վաշինգտոնը կարող են հաջողությամբ համագործակցել: Նույնը կրկնել է նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովն, ասելով, որ միջազգային բազմաթիվ ասպարեզներում երկու երկրների շահերը համընկնում են:

Այդ պայմանագրով Իրանը պետք է կրճատեի հարստացված ուրանի քանակը և ուրանի հարստացման աստիճանը, քանի որ բարձր աստիճանի հարստացման ուրանից է բազմաթիվ փուլերով իրականացվող քիմիական բարդ ու ծախսատար գործընթացի արդյունքում ստացվում է բնության մեջ գոյություն չունեցող նյութ՝ պլուտոնիում, որից ընդամենը մի քանի կիլոգրամ է պետք Նագասակին ոչնչացրած միջուկային ռումբ ստեղծելու համար:

Իրանը մշտապես պնդել է, թե ատոմային ռումբ ստեղծելու մտադրություն չունի, հավաստիացրել է, որ միջուկային ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով, բայց միջազգային հանրությունն ու նախևառաջ Իրանի ոխերիմ հակառակորդ Իսրայելը ենթադրում են, որ այաթոլլաների բուն նպատակը հենց ռումբն է, որի առկայությունը հիրավի տեկտոնիկ տեղաշարժ կարձանագրի Մերձավոր Արևելքում և ընդհանրապես ամբողջ աշխարհում:

XS
SM
MD
LG