Դիմորդների նախասիրությունները տարբեր են՝ միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, հասարակագիտություն։
Այդուհանդերձ անակնկալներ էլ կան․ առաջին փուլով ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11հազար 487 դիմորդ, որոնց ոչ փոքր հատվածի մասնագիտական կողմնորոշումը զարմացրել է քննությունները կազմակերպող գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցներին։
Փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով, պահանջված մասնագիտությունների առաջին հնգակյում հայտնվել է «սերվիսը» (սպասարկում) մասնագիտությունը։ «Առաջին անգամ «սերվիս» մասնագիտությունից այդքան մենք դիմորդ ունենք», - ասաց նա։
Այնուամենայնիվ, ըստ Նասիբյանի, դիմորդների նախասիրությունը էապես չի փոխվել․ - «Էլի IT ոլորտն է, IT ոլորտի դիմորդները երկրորդ տեղը գրավեցին Բժշկական համալսարանի «բուժական գործ» մասնագիտությունից հետո։ Բայց այդպես չէ։ Որովհետև մենք ունենք IT ոլորտի տարբեր մասնագիտակցումներ։ Այսինքն՝ այդ IT ոլորտի դիմորդները բաժանվել են տարբեր մասնագիտությունների։ Այսպես թե այնպես, իրենք միշտ առաջինն են եղել։ Այնուհետև նախընտրելի են համարում բուժական գործը, իրավագիտությունը։ Նախընտրելի է մեզ համար այս տարի «սերվիս» մասնագիտությունը, որ առաջին հնգյակում է»։
Այս սերունդն ավելի շատ նախընտրում է շփում, հաղորդակցություն, համագործակցություն ենթադրող մասնագիտությունները, բացատրում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Ըստ նրա, սերվիսը ժամանակակից կապիտալիստական ոգուն համապատասխան է․ - «Երբեմն էդ մասնագիտությունը չի պահանջում ֆունդամենտալ դպրոցական գիտելիք։ Օրինակ, եթե դու մաթեմատիկա չես հասկացել դպրոցում, չես կարող բնագիտական ֆակուլտետներ գնալ։ Կամ եթե պատմություն լավ չես սովորել՝ հասարակագիտական։ Այստեղ հնարավոր է, ունենալով թույլ հանրակրթական բազա, սովորել։ Իմ կարծիքով, սա է հիմնական պատճառը»։
Փորձագետի խոսքով, սպասարկման ոլորտը նախընտրող դիմորդների մեծ թիվը արտացոլում է դպրոցների տված անբավարար որակի կրթությունը։ Այս ֆակուլտետ ընդունվելու համար պետք է հանձնել օտար լեզվի քննություն։
«Երբ որ երեխաները դպրոցում բազա չեն ձեռք բերում, իրենց գիտական մասնագիտությունները շատ չեն հետաքրքրում։ Հիմա էդ տեսակի բաներն են մոդա․ բացի սերվիսից, ասենք, մարկետինգ, PR», - նշեց փորձագետը։
Այս տարի փոխվել է բուհեր ընդունվելու կարգը։ Եթե նախկինում դիմորդները կարող էին մի քանի նախընտրած մասնագիտություն նշել և նվազման կարգով ընդունվել այն ֆակուլտետը, որի համար միավորները կբավարարեին, ապա այժմ նշվում է մեկ բուհի ընդամենը մեկ մասնագիտություն ու այդ մասնագիտության համար սահմանված առարկաները։
«Եթե այդ մասնագիտությամբ ինքը չի ներգրավվել այս կամ այն բուհի այս կամ այն մասնագիտությամբ, ապա ինքը հնարավորություն ունի իր ստացած դրական միավորներով, եթե առարկաները համընկնում են, գրել նաև վեց բուհի կամ մեկ բուհի վեց մասնագիտություններ և մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին», - պարզաբանեց Նասիբյանը։
Ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին և կավարտվեն հունիսի 25-ին։