Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմն այսօր ժամը 14-ին բանակցություններին չի ներկայացել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ «մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները»։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որոնց հերթական փուլը նախատեսված էր այսօր։